ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը և ՀՀ ԱԳ նախարարը պատրաստակամություն են հայտնել ակտիվացնել քաղաքական երկխոսությունը
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նախօրեին Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուեսս Միթչելի հետ հանդիպմանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական ժողովրդավարական զարգացումները, կառավարության ծրագրային առաջնահերթությունները, մասնավորապես, մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում:
ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդմամբ՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել ակտիվացնել քաղաքական երկխոսությունը։ Մտքեր են փոխանակել առևտրատնտեսական, Հայաստանի զարգացման օրակարգի, հատկապես՝ վերջինիս շարժիչ ուժ դիտարկվող նորարարական և գիտակրթական ոլորտներում փոխշահավետ համագործակցության հետագա խորացման շուրջ՝ այս առումով կարևորելով Հայաստան - ԱՄՆ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները:
Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք խնդիրների, մասնավորապես Մերձավոր Արևելքում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների պաշտպանությանը, ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարին:
Զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ջանքերին: