Ո՞ր դեպքում պետք է անհատ տաքսու վարորդներն ազատվեն հարկերից
Հայաստանի տաքսի ծառայությունների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը դրական է համարում մասնավոր տաքսիների վարորդներին բոլոր տեսակի հարկերից ազատելու որոշումը, միաժամանակ կարծում է՝ այդ որոշումը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել ոլորտում։
Նշենք, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտնել էր՝ ՀՀ կառավարությունը քննարկում է «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու հարցը և նախատեսում են մասնավոր տաքսիների վարորդներին ազատել բոլոր տեսակի հարկերից։ Վարչապետը սա կարևոր որոշում է համարում, ինչը դրական կազդի քաղաքային տրանսպորտի խնդրի կարգավորման վրա։ Օրինակ, երեկոյան և առավոտյան ժամերին, երբ մարդկանց հոսքն ավելի մեծ է, տաքսիների վարորդները հնարավորություն կունենան մարդկանց տեղափոխել մատչելի գներով։ Այսինքն՝ հարկերից ազատվելով տաքսիստները կկարողանան իջեցնել սակագները։
Կարծես թե վատ որոշում չէ, երբ առանց ժամանակ կորցնելու, կարող ես տաքսի նստել, արագ հասնել ցանկացած վայր, բայց հարց է առաջանում՝ արդյոք այդ վարորդները կտեղափոխեն մատչելի գներով, քանի որ անհատ տաքսիստների մոտ հաշվիչներն ընդհանրապես բացակայում են, ամեն մեկն իր գինն է սահմանում, նույնիսկ մինիմալ ճանապարհի համար նրանք պարզապես գումար են «կրակում»՝ 700-1000 դրամ:
Բացի այդ, լուրջ խնդիր է մեքենաների անսարքությունը։ Գաղտնիք չէ, որ մեքենաները ձևական տեխզննում են անցնում, իսկ բուժզննում չեն անցնում, իսկ դրանց բացակայությունը լուրջ սպառնալիք է դառնում մարդկանց կյանքի և առողջության համար:
Հայաստանի տաքսի ծառայությունների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշում է, նախ պետք է հասկանալ, թե ովքեր են համարվում անհատ տաքսու վարորդներ: Ըստ նրա՝ այսօր մասնավոր են համարվում նաև նրանք, որոնք համագործակցում են առցանց տաքսի ծառայությունների հետ, սակայն նման տարանջատումն արմատապես սխալ է։
Նրա խոսքով՝ 2006 թվականից մի շարք օրենքներն են ընդունվել, իսկ հետո՝ չեղարկվել, իսկ դրա նպատակը եղել է մեկը՝ ոլորտը մոնոպոլիզացնել։ «Ներկայումս Հայաստանում գործում է 40 հազար տաքսի, որից 30 հազարը Երևանում։ Դրանց օրական շրջանառությունը կազմում է մոտ 600 մլն դրամ»,- ընդգծում է Վահագն Սահակյանը։
Ըստ նրա՝ տարիներ շարունակ իրենց ասոցիացիան կռիվներ է տվել մոնոպոլիզացիայի դեմն առնելու համար, տարբեր փորձությունների միջով են անցել։ «Իրականում մենք հասնում ենք նրան, որ տաքսի ծառայությունները փակվեն։ Օրենք ընդունեցին, որ տաքսի ծառայություններ մատուցող ընկերությունները, 10 տարի և ավելի տարիք ունեցող մեքենաները չեն կարող շահագործել, դրանից հետո ծառայությունների ղեկավարները թարմացրեցին իրենց ավտոպարկերը, բնականաբար, վարկային միջոցների հաշվին։ Սակայն, որոշ ժամանակ հետո 10 տարվա արգելքը հանեցին ու տաքսի ծառայությունում աշխատող վարորդները դուրս եկան գործից, հին մեքենաներն ավելի էժան գնեցին և սկսեցին մասնավոր աշխատել»,- ներկայացնելով այս ոլորտում տարիներ շարունակ տիրող իրավիճակն՝ ասում է Վահագն Սահակյանը։
Հիշեցրեց նաև, թե ինչպես վերացրեցին դեղին համարները, բուժզննման և տեխզննման պահանջները. «Մարդիկ դեղին համարանիշի՝ ալյումինի կտորի համար վճարել էին 17-20 հազար դրամ, հետո դա էլ հանեցին։ Ես երեք տարի պայքարեցի, որ դեղին համարները մնան, բայց ապարդյուն։ Ամեն տարի օրենք են ընդունում, որ սերվիսներին ճնշեն, վերջնականապես փակեն»։
Վահագն Սահակյանը նշում է, որ Երևանում 1100 տաքսի ծառայություններից այսօր մնացել է մոտ 100-ը։ Պատճառը, ըստ նրա, նաև օնլայն տաքսի ծառայություններ մատուցող ընկերություններն են. «Օրինակ, «Յանդեքս» ընկերությունը 2,5 տարի առանց լիցենզիայի աշխատում է, բայց պատասխանատվության չի ենթարկվում։ Դրա հետևանքով, տաքսի ծառայություններից թիվը զգալի նվազել է, որովհետև անհատ վարորդներն առանց հարկային պարտավորությունների աշխատում են առցանց տաքսի ծառայություններ մատուցող ընկերությունների հետ»։
Այսպիսով, Միության ղեկավարն ասում է՝ պետք է հասկանալ, թե ովքեր են համարվում անհատ տաքսու վարորդներ: Նրա բնորոշմամբ, անհատ տաքսու վարորդներ պետք է դիտարկվեն միայն նրանք, որոնք իրենց մեքենայով որոշակի ժամերի գումար կվաստակեն օրվա հացի խնդիրը լուծելու համար: Բայց եթե անհատ տաքսու վարորդը ներգրավվում է օնլայն տաքսու կազմակերպության մեջ և ստանում է պատվերներ, ապա նա դադարում է լինել անհատ տաքսու վարորդ:
Վահագն Սահակյանը նաև նշում է, որ անկախ նրանից այդ անհատ տաքսիները կվճարեն հարկեր, թե՝ ոչ, անվտանգության տեսակետից ելնելով այդ տաքսիները պետք է լիցենզիա ստանան, տարեկան մեկ անգամ կամ վեց ամիսը մեկ անցնեն վարորդների համար նախատեսված բոլոր ստուգումները. «Մենք պետք է համոզված լինենք, որ այդ մեքենայի վարորդը թմրամոլ չէ, հարբեցող չէ, մեքենան խնդիր չունի և այլն։ Այսինքն՝ անվտանգության տեսանկյունից լիցենզավորման գործընթացը պետք է մնա, մի բան էլ պետք է խստացնեն պահանջները»։
Բացի, այդ, այդ մեքենաներում պետք է հաշվիչներ լինեն՝ պարտադիր ստուգաչափված։ Նա նաև կողմ է, որ Երևանում ֆիքսված տարիֆ գործի և տաքսիների մինիմալ սակագինը բոլորի համար նույնը լինի։ «Ես բազմիցս այս խնդրով դիմել եմ պատկան մարմիններին, բայց ինձ ասել են, որ շուկայական հարաբերություններ են, ուստի չեն կարող գին պարտադրել, սակայն հասկանալի է, որ գինը ֆիքսելուց հետո սկսելու են որակի վրա աշխատել»,- ասում է նա։
Նա նաև առաջարկում է, որ օնլայն տաքսիներին լիցենզավորեն ու նրանց համար գործեն նույն պայմանները, ինչ մյուս տաքսիների համար։ Հակառակ դեպքում, ըստ նրա, «Հարկային օրենսգրքում» փոփոխությունները բուն նպատակին չեն ծառայի։