Իլհամ Ալիևի հետ ձեռք է բերվել սահմանագծում միջադեպերը կանխելու մասին պայմանավորվածություն. վարչապետ
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ շփումը ոչ ֆորմալ էր, դա մեր առաջին հանդիպումն էր»,- այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպմանը։
«Այս անգամ որոշակի առարկայական խոսակցություն ստացվեց և դրա արդյունքում մենք մի քանի կարևոր կետեր արձանագրեցինք: Առաջինը վերաբերում էր նրան, որ մենք պայմանավորվեցինք՝ մեր պաշտպանության նախարարներին հանձնարարություն տանք, որ նրանք կոնկրետ քայլեր ձեռնարկեն սահմանագծում լարումն իջեցնելու վերաբերյալ, այսինքն՝ խոսքը վերաբերում է սահմանային միջադեպերը կանխելուն: Կարծում եմ, որ սա կարևոր պայմանավորվածություն է»,- նշեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ այդ մասին անմիջապես տեղյակ է պահվել նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը:
«Ըստ էության, մենք կարող ենք ասել՝ կա պայմանավորվածություն հայ-ադրբեջանական սահմանի և Արցախ-աադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումները կանխելու վերաբերյալ միջոցներ ձեռնարկվեն։ Հանձնարարական և համապատասխան հրաման եմ տվել մեր զինված ուժերին և նախորդ գիշերը, կարող եմ ասել, որ իմ վարչապետ ընտրվելուց հետո եղել է ամենախաղաղը, ամենահանգիստը»,- ասաց վարչապետը և հավելեց. «Հույս ունեմ՝ այն տրամաբանությունը, որ վերջին շրջանում գործում էր, և ցավոք, կորուստներ էին ունենում թե հայկական, թե ադրբեջանական կողմը, այս մարդաորսին պետք է դադար տրվի, և այդ մասին մենք Ադրբեջանի նախագահի հետ ձեռք ենք բերել պայմանավորվածություն»։
Վարչապետ հայտնեց, որ խոսակցության ընթացքում արձանագրվել է նաև բանակցային գործընթացի նկատմամբ հավատարմությունը. «Այսինքն՝ բանակցություններով պետք է կարգավորվի Արցախի հարցը»։
Բացի այդ, ըստ Նիկոլ Փաշինյանի, պայմանավորվել են օպերատիվ կապի կոմունիկացիա ստեղծել, և իսկ թե այն ինչպիսին կլինի տեխնիկական առումով, ըստ նրա, պայմանավորվածություն ձեռք չեն բերել։
«Մեր շփումը եղել է երեկ և այսօր, որոշակի քննարկումներ ենք ունեցել, որ այս կետերը համաձայնեցնենք։ Ընդհանուր քննարկումներ ենք ունեցել, բայց բովանդակային քննարկում չի եղել, այս փուլում քննարկումը եղել է այն մասին, որ կարողանանք կանխել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Խնդրի կարգավորման համար անհրաժեշտ է կարգավորման մթնոլորտ, իսկ երբ ամենօրյա ռեժիմով կրակոցներ են լինում, կարգավորման մասին խոսելն այդքան էլ տրամաբանական չի լինում: Ես ուրախ եմ, որ այդ պայմանավորվածությունները ձեռք բերվեցին, և ես հույսով եմ, որ դրանք կպահպանվեն: Մենք մեր կողմից ամեն ինչ կանենք, որպեսզի պայմանավորվածություններն արդյունավետ լինեն»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին