Իրենց արածները փորձում են գցել ուրիշների վրա. բնապահպանը օրենսդիրի անդամների մասին
Բնապահպան Սիլվա Ադամյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ ինքը, որպես հասարակական գործիչ այլևս մտադրված չէ այսպիսի խորհրդարանի հետ աշխատել։ Գրառման պատճառ հանդիսացել է նախօրեին Ազգային ժողովում Սևանա լճի հիմնախնդիրների հարցով հրավիրված լսումների ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի հետ վիճաբանությունը։
Սիլվա Ադամյանը, հիշեցնենք, պատգամավորին ասել էր. «Այսքան տարի հասարակական կազմակերպությունները պահանջում էին դադարեցնել Սևանից այդ կարգի ջրառը, դուք անընդհատ քվեարկում էիք կողմ: Հիմա եկել մտահոգության մասին եք խոսում, ու՞մ եք հիմարի տեղ դնում: Դուք ոնց կաք, այդպես էլ մնացել եք, չեք էլ փոխվի: Սա ինչ խայտառակություն է»։
Panorama.am-ի թղթակիցը թեմայի շուրջ զրուցեց Սիլվա Ադամյանի հետ՝ փորձելով ճշտել ինչու չի ցանկանում գործող խորհրդարանի հետ աշխատել։
«Այն, ինչ հիմա կատարվում է Սևանի հետ, նրանց (նկատի ունի պատգամավորներին՝ խմբ.) մեղքի բաժինն եմ տեսնում։ Եվ փոխանակ ԱԺ-ում ասելու, որ տարիների ընթացքում սխալներ են գործվել, և պետք չէր լճից այդ քանակությամբ ջուր բաց թողնել, բարձրաձայն, «մունաթի» ձևով ասում են՝ ինչ պիտի անենք։ Ես իրենց եմ ուզում հարց տալ. իսկ ինչո՞ւ եք հասցրել նրան, որ Սևանն այս վիճակին է հասել։ Մենք պահանջատեր ենք, իրենց հարցնում ենք՝ ինչո՞ւ արեցիք։ Հիմա պատասխան տվեք»,- զայրացած ասաց Սիլվա Ադամյանը։
Նա կրկին շեշտեց, որ գործող խորհրդարանի հետ ընդհանուր բան ունենալ չի ուզում, չի համագործակցի օրենսդիր մարմնի հետ, քանի դեռ ԱԺ կազմը չի փոխվել։
«Ես, որպես հասարակական գործիչ, իմ պայքարը տանելու եմ։ Ես մարդ եմ, ով ուզում է, որ իր երկիրը լավ ապրի։ Եվ այն մարդիկ, ովքեր մեղավոր են, և Սևանի, և մյուս հարցերում, պատասխպան տան, պատասխանատու լինեն իրենց արարքների համար։ Այս մարդիկ պատասխանատու չեն, իրենց արածները փորձում են գցել ուրիշների վրա։
Այն, որ Խոսրով Հարությունյանն իրեն թույլ է տալիս գալ, իմ գործընկերոջ հետ ցածր ձայնով, սպառնալիքներով խոսել, արդեն լավ չէ։ Ես նրան հակադարձեցի՝ «Դուք արել եք, դուք էլ պետք է պատասխան տաք։ Եթե այդքան մտահոգ էիք, նախկինում ինչո՞ւ այդ մտահոգությունը չէր արտահայտվում»։ Իրենք չեն հակացել, որ դա իրենց մեղքն էլ է, մինչդեռ մեղքն իրենց վրայից գցում են։ Դա շատ վտանգավոր դիրքորոշում է»,- ասաց բնապահպանը։
Հարակից հրապարակումներ`
- Պատրաստ եղեք «մարսելու» այն միտքը, որ հաջորդ տարի ևս կարող է Սևանից լրացուցիչ ջրառ կատարվի. Ինեսա Գաբայան
- Սևանա լճի ջրի ծավալները 58-ից իջել են 38 միլիարդ խորանարդ մետրի. Յուրի Ջավադյան
- Սևանա լճի մակարդակն անցած տարվա համեմատ 3 սանտիմետրով բարձրացել է. Բնապահպանության նախարար
- Սևանից ջրառն իրականացվում է խիստ հսկողության պայմաններում. Ջրկոմ
- ԱԻՆ-ը հրապարակել է Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը
- Սևանից լրացուցիչ ջրառն իրականացվում է խստագույն հսկողությամբ. Ջրկոմ
- Նախագահը ստորագրել է Սևանից հավելյալ ջուր բաց թողնելու մասին օրենքը
- Սևանից մինչև 40 մլն խմ հավելյալ ջուր բաց թողնելու նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
- «Փրկենք Սևանը». ակցիա ԱԺ շենքի մոտ