Արա Բաբլոյանն Արցախում այցելել է ուռուցքաբանական կենտրոն
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Ստեփանակերտ կատարած աշխատանքային այցի շրջանակում Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ուռուցքաբանական կենտրոն, որտեղ ծանոթացել է նորաստեղծ կենտրոնի պայմաններին։ Կենտրոնը կառուցվել է բարերարների աջակցությամբ։
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ այցի ընթացքում խորհրդարանի ղեկավարն ուռուցքաբանական կենտրոնում հանդիպել է նաև «Արաբկիր» բժշկական կենտրոնի՝ Երևանից այցելած մասնագետներին, որոնք վերջին օրերին արտասահմանյան գործընկերների հետ անվճար իրականացնում են բժշկական ծառայություններ։ Խորհրդարանի ղեկավարին և արտասահմանցի հյուրերին ուռուցքաբանական կենտրոնի ղեկավարը մանրամասն ներկայացրել է կենտրոնի բժշկական սարքավորումների համալրվածությունը, որն ամբողջությամբ համապատասխանում է ժամանակակից չափանիշներին։
Այցելության ավարտին Արա Բաբլոյանը առողջապահության նախարարի, ԱՀ Հանրապետական բժշկական կենտրոնի ղեկավարի և բժշկական անձնակազմի հետ անցկացրել է խորհրդակցություն։ Քննարկվել են Արցախի առողջապահության ոլորտի խնդիրները, մատնանշվել ոլորտի զարգացման հեռանկարներն ու միջազգային գործընկերների հետ համատեղ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու ուղիները։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի և Հայաստանի միջխորհրդարանական հանձնաժողովն առաջիկայում նիստ կանցկացնի
- Ժողովրդավարությունն առանցքային նշանակություն ունի Հայաստանի համար. Բաբլոյան