Արմավիրում հայրը ծեծելով սպանել է մեկ տարեկան երեխային
Սեպտեմբերի լույս 29-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժին «Արմավիր» ժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել մեկամյա տղա երեխայի դի։ Հայտնում են ոստիկանությունից։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները համատեղ միջոցառումներով պարզել են, որ Արմավիրի մարզի հանդամասերից մեկում 32-ամյա մի տղամարդ ծեծել է 30-ամյա կնոջն ու մանկահասակ տղային, ինչի հետևանքով վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
«Ռ. Մանուկյանը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանություն։ Նա որպես կասկածյալ ձերբակալվել է։ Հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Դեպքի հանգամանքները պարզվում են»,-հայտնում են ոստիկանությունից։
Քննչական կոմիտեից Panorama.am-ին հայտնեցին, որ փաստով հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 104 հոդվածով (Սպանություն)։
«Սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը`
պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով»,-սահմանում է այդ հոդվածը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: