Արցախի և Հայաստանի միջխորհրդարանական հանձնաժողովն առաջիկայում նիստ կանցկացնի
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտմվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ու Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր հանդիպման ընթացքում քննարկել են միջխորհրդարանական համագործակցությանը, Հայաստանի ներքաղաքական զարգացումներին և առողջապահության ոլորտին վերաբերող հարցեր:
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Աշոտ Ղուլյանը կարևորել է երկու խորհրդարանների միջև առկա սերտ համագործակցությունը թե՛ մշտական հանձնաժողովների, թե՛ խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել օրենսդրական աշխատանքների ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն ու ակտիվացմանը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ևս կարևորել է Հայաստանի և Արցախի խորհրդարանների միջև առկա կապերի զարգացումը և խորհրդարանի դերի բարձրացումը՝ երկրի բնականոն և անցնցում կենսագործունեության առումով:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ ներքաղաքական ներկա իրավիճակին և հնարավոր զարգացումներին, երկու երկրների առողջապահական ոլորտներին, միջխորհրդարանական համագործակցությանը, խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող թեմաների:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱՀ-ՀՀ միջխորհրդարանական հանձնաժողովի առաջիկա նիստի անցկացման վերաբերյալ: