Եթե խախտում ես անմեղության կանխավարկածը, ամբողջ քրեական գործի քննությունը դառնում է ոչ օբեյկտիվ. Կոստանյան
«Եվրոպական դատարանը հստակ բանաձևել է՝ ինչն է դիտվում անմեղության կանխավարկածի խախտում, ինչը՝ ոչ»,- այս մասին «Հայելու առաջ» հաղորդման եթերում նշեց ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով անմեղության կանխավարկածի ինստիտուտին։
Նա ներկայացրեց Եվրոպական դատարանի սահմանումը, որից հետևում է, որ պետական մարմինը, պաշտոնատար անձը իրավունք չունի անել այնպիսի հայտարարություն, որն օբյեկտիվ դիտորդի և հասարակության մոտ կարող է առաջացնել տվյալ անձի մեղավորության կանխավարկած։
«Այսինքն՝ բառերդ, նախադասություններդ և տրամադրվող տեղեկատվությունդ պետք է լինի այն չափով, որպեսզի հանրության մոտ չձևավորվի կանխավարկած։ Այսինքն՝ սա կլասսիկ բանաձև է, որը Եվրոպական դատարանի նախադեպերով արդեն բազմիցս գնացել է։ Եթե դու խախտում ես անմեղության կանխավարկածը, ամբողջ քրեական գործիդ քննությունը դառնում է ոչ օբեյկտիվ, քանի որ Եվրոպական դատարանը անմեղության կանխավարկածի խախտումը կապում է ուղիղ դատարանի օբյեկտիվության հետ հետևյալ առումով՝ ասում է, եթե պետությունը կամ պետական մարմինը խախտում է անմեղության կանխավարկածը, որի արդյունքում հանրության մոտ ձևավորվում է մեղավորության կանխավարկած, դա ուղղակի ճնշում կարող է դառնալ կամ հանդիսանալ դատարանի վրա»,- մանրամասնեց Կոստայանը։
Նրա խոսքով՝ սա վտանգ է, ոչ միայն կոնկրետ քրեական գործերը դեպի արդարացման տանելու համար։
«Այսինքն՝ դու ունենում ես ակնհայտ մեղավոր անձ, բայց միայն այն, որ պրոցեսուալ տեսակետից չես պահպանել տվյալ անձի, մեղադրյալի իրավունքները՝ անմեղության կանխավարկածի, արդար դատաքննության, այս մարդն ազատվելու է պատասխանատվությունից, ընդ որում եթե ոչ ներպետական մակարդակով, ապա Եվրոպական դատարանի որոշումների հիման վրա դա կլինի»,- հավելեց ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։