Այս տարվա ութ ամիսներին Հայաստանում ծխախոտի արտադրությունը 7,5%-ով աճել է
2018 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանում ծխախոտի արտադրությունը, 2017թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 7,5%-ով: Այս տվյալները հրապարակել է ՀՀ վիճակագրական կոմիտեն։
Վիճակագրության համաձայն՝ այս տարվա ութ ամիսներին Հայաստանում արտադրվել է 17 մլն 818 հազար հատ սիգարետ, իսկ 2017թ-ի նույն ժամանակահատվածում՝ 16 մլն 567.6 հազ. հատ:
Արձանագրված աճի արդյունքում, Հայաստանում ծխախոտի արտադրության մասնաբաժինը մշակող արդյունաբերությունում կազմել է 14.2%:
Հիշեցնենք, որ Հայաստանում 16 և բարձր տարիքային խմբերում ծխախոտի օգտագործման տարածվածությունը տղամարդկանց շրջանում կազմում է 50%-ից ավելի, կանանց շրջանում՝ 3-4%: Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց կեսից ավելին ծխող է, ինչը բարձր ցուցանիշ է: