Հայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի է խաղացել Չինաստանի հետ
Բաթումում ընթացող շախմատի Համաշխարհային Օլիմպիադայի 5-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականի մրցակիցն է եղել գործող չեմպիոն Չինաստանի ընտրանին, որը գլխավորում է կանանց աշխարհի չեմպիոն Ցզյու Վենցզյունը: Մրցախաղն ընթացել է լարված պայքարում և ավարտվել է ոչ-ոքի հաշվով:
Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ առաջին խաղատախտակի վրա Էլինա Դանիելյանը ոչ-ոքի է խաղացել աշխարհի կանանց չեմպիոնի հետ, երկրորդ խաղատախտակի վրա հանդես եկող Լիլիթ Մկրտչյանը հաղթել է Շեն Յանին, Աննա Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել Հուան Ցիանի հետ, իսկ Մարիա Կուրսովան պարտություն է կրել:
Կանանց պայքարում 5-րդ տուրից հետո ԱՄՆ կանանց հավաքականը 10 միավորով սկսել է միանձնյա գլխավորել աղյուսակը: 6 հավաքական՝ Հայաստանը, Չինաստանը, Ուկրաինան, Հնդկաստանը և Վրաստանի առաջին և երկրորդ թիմերը 9-ական միավորով կիսում են 2-7-րդ հորիզոնականները: Այսօր մրցաշարում հանգստյան օր է, իսկ սեպտեմբերի 30-ին կայանալիք 6-րդ տուրում Հայաստանի մրցակիցն է լինելու մրցաշարում ամենաբարձր միջին գործակից ունեցող Ռուսաստանի թիմը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի շախմատի հավաքականը կրել է առաջին պարտությունը
- Շախմատի Հայաստանի հավաքականները տոնել են 2-րդ հաղթանակը Օլիմպիադայում