Մասնեի «Մանոն»՝ հայաստանյան բեմում
Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հոկտեմբերի 7-ին տեղի կունենա ֆրանսիացի նշանավոր կոմպոզիտոր Մասնեի «Մանոն» օպերայի բեմադրության հայաստանյան պրեմիերան, իսկ Գալա ներկայացումը նախատեսված է հոկտեմբերի 10-ին։
Մասնեի «Մանոն» օպերայի համաշխարհային պրեմիերան կայացել է 1884 թ․ հունվարի 19-ին Փարիզի «Օպերա կոմիկ» թատրոնում։ Օպերային թատրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Հայաստանում «Մանոնը» կներկայացվի լատվիացի ճանաչված դերասան և օպերային ռեժիսոր Անդրեյս Ժագարսի բեմադրությամբ։
Ա․Ժագարսի այս բացառիկ բեմադրությունը, որն արդեն արժանացել է երաժշտական քննադատների բարձր գնահատականին, Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ Դանչենկոյի անվան ակադեմիական երաժշտական թատրոնում առաջին անգամ ներկայացվել է 2016 թ․ հունվարի 29-ին։ Ներկայացման գլխավոր դերակատարներից է եղել Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ, աշխարհի հեղինակավոր բեմերում պահանջված արտիստ, տենոր Լիպարիտ Ավետիսյանը։
Լիպարիտ Ավետիսյանը Ա․Ժագարսի բեմադրությամբ Մասնեի «Մանոն» օպերայում մարմնավորած Դե Գրիեի դերակերպարի համար 2017 թվականին «Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում արժանացել է «Ոսկե դիմակի»։
«Մանոնի» հայաստանյան բեմադրությունն իրականացնելու նպատակով փատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստ.արտիստ Կոնստանտին Օրբելյանի հրավերով Ա․Ժագարսը Երևանում աշխատանքներն իրականացրել է իր ամբողջ ստեղծագործական անձնակազմով, որում ներգրաված են աշխարհի տարբեր երկրներից լավագույն հագուստի դիզայներները, բեմական նկարիչները և լուսային ձևավորողները։ Ռուսաստանից Հայաստան են բերվել ներկայացման բոլոր դեկորները։
Մանոնի դերում հանդես է գալու Մերի Մովսիսյանը, Շեվալիե Դե Գրիե` Լիպարիտ Ավետիսյանը, Լեսկոյի՝ Կիմ Սարգսյանը։
Բեմադրող դիրիժորն է ԱՄՆ-ից Քրիստոֆեր Օկասեկը։