ՀԱԷԿ-ը էներգետիկ ոլորտում երկու պետությունների համագործակցության կարևորագույն ծրագրերից է.Լիխաչով
ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է երկրում ատոմային էներգետիկայի զարգացումը: Այս մասին նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ հանդիպմանը:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանի ու Ռուսաստանի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության հետագա զարգացումը և գոհունակություն հայտնել երկկողմ փոխգործակցության մակարդակից:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարչապետը հույս հայտնել, որ այդ ուղղությամբ փոխգործակցությունը ռուսական կողմի հետ առավել արդյունավետ կերպով կշարունակվի: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հայ-ռուսական հարաբերություններում ավարտվել է հետհեղափոխական անցումային փուլը, առկա է լիարժեք փոխըմբռնում և հավելել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է երկկողմ փոխգործակցության շարունակական ընդլայնմամբ ու խորացմամբ:
Զրուցակիցներն անդրադարձել են «Ռոսատոմ»-ի հետ համագործակցությամբ իրականացվող ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքին:
Ալեքսեյ Լիխաչովը նշել է, որ աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի և հավելել, որ ՀԱԷԿ-ի ծրագիրն էներգետիկ ոլորտում երկու պետությունների համագործակցության կարևորագույն ծրագրերից մեկն է: Այնուհետև «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը վարչապետին է ներկայացրել աշխատանքների միջանկյալ արդյունքները, անդրադարձել հետագա անելիքներին:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարների շուրջ: