Ամերիկացի բժիշկների հետ քննարկվել են առողջապահության ոլորտում Արցախի հետ համագործակցությանը վերաբերող հարցեր
Նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում հանդիպում է ունեցել ամերիկյան «Ադվենտիստ Հելս» բժշկական կենտրոնների ցանցի պատվիրակությանը: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, քննարկվել են առողջապահության ոլորտում Արցախի հետ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը ողջունել է «Ադվենտիստ Հելս»-ի պատրաստակամությունը Արցախում տարբեր ծրագրերի իրականացման գործում և արժևորել նրա դերը բնակչությանը բարձրորակ բժշկական ծառայությունների մատուցման, արցախցի բժիշկների հետ փորձի փոխանակման տեսանկյուններից՝ հույս հայտնելով, որ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ:
Հանդիպմանը մասնակցել են ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, պաշտոնատար այլ անձինք: