Ուրցաձորի համայնքապետը չի պատրաստվում հրաժարական տալ
Ուրցաձոր համայնքի մի խումբ բնակիչներ պահանջում են համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանի հրաժարականը, սակայն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա հայտարարեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ։
Նշենք, որ համայնքի բնակիչները Անդրեասյանին մեղադրում են կոռուպցիայի, չարաշահումների մեջ և նոր ընտրություններ են պահանջում։
«1984 թվականից եմ սկսել դեռ իմ քաղաքական գործունեությունը։ Այդ ընթացքում անօրինական ոչինչ չեմ արել։ Իսկ այս ընդվզումները իմ դեմ սկսեց համայնքի բնակիչ Մանուկ Մանուկյանն, ով ժամանակին ինձ շատ մտերիմ մարդ է եղել։ Նախկինում աշխատել է Վայրի բնության և պահպանության հիմնադրամում և տնօրենի հետ խնդիրներ ունենալուց հետո ազատվել աշխատանքից։ Այսօր Մանուկ Մանուկյանը ընդվզում է սկսել իմ դեմ, շանտաժով ուզում է ես հրաժարական տամ։ Եթե չարաշահումներ էր տեսնում իմ գործունեության մեջ, ինչու՞ հիմա որոշեց խոսել դրամ մասին»,- ասաց համայնքապետը։
Նա նշեց, որ գյուղում Մանուկյանը ստորագրահավաք է սկսել իր դեմ, որի տակ ստորագրել է 64 բնակիչ. «Այդ մարդկանց մոլորեցրել են, որ ստորագրել են այդ թղթի տակ, որտեղ նշված են իմ նկատմամբ մեղադրանքներ։ Մեր համայնքը խոշորացված է, ունի 3 հազարից ավելի բնակիչ, ես գիտեմ, որ բնակչության 90 տոկոսը կողմ է ինձ»։
Անդրեասյանը հայտնեց, որ պատրաստվում է դատի տալ իր դեմ մեղադրանքներ ներկայացնողներին՝ զրպարտության համար։
Ինչ վերաբերում է մեղադրանքներին, թե հողերի, շենք շինությունների օտարումը կատարվել է անօրինական ձևով, համայնքապետը ժխտեց. «Ամեն ինչ եղել է օրենքի տառին համապատասխան»։
Անդրադառնալով համայնքի մանկապարտեզից 25 մլն դրամի յուրացման տեղեկատվությանը՝ Ռաֆիկ Անդրեասյանն ասաց. «Ոչ մի կոպեկ, անգամ 25 լումա չեմ յուրացրել։ Իրավապահները քննություն են տանում, եթե կարող են, թող բացահայտեն նման բան»։
Լրագրողների դիտարկմանը, որ եթե այդքան համոզված է, որ համայնքի 90 տոկոսը իր պաշտոնավարմանը կողմ է, ինչու՞ չի որոշում հրաժարական տալ, մասնակցել նոր ընտրությունների, կամ համաձայնվել հանրաքվեի, Ուրցաձորի համայնքապետը պատասխանեց. «Ես հրաժարական տվող տղա՞ եմ։ Ես Սահմանադրություն չեմ խախտել ընտրվելուց, հիմա ինչու հրաժարական տամ։ Իսկ հանրաքվեի գնալ պետք չէ, քանի որ այն բյուջեի վրա հավելյալ ծախս է»։
Հավելենք, որ Ռաֆիկ Անդրեասյանի պաշտոնավարմանը դեռ 3 տարի կա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին