ՔԿ. Ժամկետային զինծառայող Աղասի Մկրտչյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել համածառայակցին
Երրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարվում են ակտիվ քննչական գործողություններ՝ կրտսեր սերժանտ Աղասի Մկրտչյանի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը Panorama.am-ին հայտնեց, որ նախնական քննությամբ տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ զինծառայողը մահացու հրազենային վիրավորումն ստացել է համածառայակցի կողմից մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետևանքով, պարզվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Նրա խոսքով, ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ համածառայակցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
«Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»,-նշեց Տռուզյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին` ժամը 20:10-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մարտական դիրքում, պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ 1999 թ. ծնված Աղասի Դերենիկի Մկրտչյանը ստացել է հրազենային վիրավորում և տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 21:20-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը։