Voix de Stras. Երբ հայերեն Կոմիտաս են երգում ֆրանսիացիները
«Երաժշտությունը հանդիպում է։ Հայկական երաժշտության հետ մեր հանդիպումը տեղի ունեցավ 2015թ․-ին, երբ մեզ հրավիրեցին Ստրասբուրգում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիված միջոցառմանը՝ երգելու Կոմիտասի մեղեդիները։ Մեզ հրավիրեցին, քանի որ մեր խմբում երգում է նաև հայուհի Գայանե Մովսիսյանը։ Մենք կիսեցինք այդ պահը նրա հետ ու սկսվեց հայկական երաժշտության հետ մեր ճամփորդությունը»,- Panorama-ին ասաց Ֆրանսիայի Voix de Stras երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Կատրին Բոլզանժեն։
Voix de Stras-ը նախօրեին համերգով հանդես եկավ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգային դահլիճում՝ Կոմիտաս Միջազգային գիտաժողով փառատոնի շրջանակներում։
Կատրին Բոլանժեն նշում է, որ հայերեն իրենց կատարումները, բնական է, որ հնչում են ֆրանսիական ակցենտով, բայց ավելացնում. «Մենք ամբողջությամբ ընկղմվում ենք հայկական երաժշտության մեջ ու կատարում ենք այն ամբողջ սրտով»։
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում երգչախումբը կատարեց Կոմիտասի երգերից, շարականներից, ինչպես նաև Կլոդ Դեբյուսիի, Բելա Բարտոկի, Յոհաննես Բրամսի, Լիոնել Ժինուի ու Անդրե Կապլեի երաժշտությունները։
Նշենք, որ մինչ Հայաստան ժամանելը երգչախումբը ելույթով հանդես էր եկել Փարիզի Սորբոնի համալսարանում՝ կրկին Կոմիտասի փառատոնի շրջանակներում։