Այսօր նշվում է Դավիթ Դվնեցու և սուրբ վկաների հիշատակության օրը
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Դավիթ Դվնեցու և սուրբ վկաներ Ղամբեոսի և Ղամբեուհու հիշատակության օրը: Սբ. Դավիթ Դվնեցին նահատակվել է 701 թվականին, Հայաստանում: Իշխանական տոհմից էր, նախկին անունը` Սուրհան: Նրա հայրը մուսուլման էր, իսկ մայրը` քրիստոնյա:
Արարատյան հայրապետական թեմից մանրամասնում են, նա ծառայում էր արաբական բանակում: Գալով Հայաստան` հավատում է Քրիստոսին և մկրտվում Անաստաս Կաթողիկոսի կողմից` վերանվանվելով Դավիթ: 30 տարի ապրել է Դվինում, այդ պատճառով կոչվել է Դվնեցի:
Այդ ժամանակ արաբ ոստիկան Աբդուլահն հալածում էր քրիստոնյաներին և Դավթին իր մոտ է կանչում` հորդորելով վերադառնալ նախկին հավատին: Մերժելով ուրանալ Քրիստոսին` անասելի տանջանքների է ենթարկվում:
Բռնակալ արաբ ոստիկանը որոշում է սրբին խաչել: Մահապատժի ժամանակ Դավիթը մոտենում է խաչափայտին և ինքնակամ պառկում վրան: Հավաքված բազմության մեջ էր նաև մահապարտի կինը, որը հորդորում էր ամուսնուն հաստատ մնալ Հիսուսի հավատին:
Դավթին խաչում են և նիզակահարելով սպանում: Ամատունի եպիսկոպոսը, Մուշեղ Մամիկոնյանն ու նրա եղբայր Արտավազդը խաչից իջեցնում են նրա մարմինն ու թաղում Դվինի Սբ. Գրիգոր եկեղեցու մոտ: Շարակնոցում հատուկ «Մանկունք» շարական կա` նվիրված Սբ. Դավիթ Դվնեցուն:
Ղամբեոսը և Ղամբեուհին հարազատ քույր և եղբայր են: Գործել են Մաքսիմիանոս կայսեր օրոք, Նիկոմիդիա քաղաքում: Ձերբակալվել են կուռքերին զոհ չմատուցելու պատճառով և որպես քրիստոնյաներ տանջանքների ենթարկվելուց հետո 303 թվականին նահատակվել:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան