Էջմիածնի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել է 14 թեկնածու
Էջմիածնի քաղաքապետի արտահերթ ընտրություններում առաջադրվել է 14 թեկնածու, նրանք բոլորն էլ ինքնաառաջադրված են, միայն մեկն առաջադրված է կուսակցության կողմից։ Ինչպես Panorama.am-ը տեղեկացավ ԿԸՀ պաշտոնական էջից, նրանք փաստաբաններ են, անհատ ձեռնարկատերեր, բժիշկ, ֆինանսիստ...
14 թեկնածուներից երկուսն են կուսակցական, մեկը «Քաղաքացիական պայմանագիր», մյուսը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից։
Այսպես, քաղաքապետի պաշտոնի համար հայտ են ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը, ըստ ԿԸՀ պաշտոնական էջի, նա ինքնաառաջադրված է։
Նա միակ կին թեկնածուն չէ։ ԱԺ ֆինանսական վարչության աշխատակից, մասնագիտությամբ ֆինանսիստ, անկուսակցական Սուսաննա Մարգարյանը ևս ինքնաառաջադրվել է։
Կուսակցական հաջորդ թեկնածուն՝ Սերգեյ Սարգսյանն առաջադրված է «Լուսավոր Հայաստան»-ի կողմից։
Թեկնածուներից երկուսը՝ Ժորժիկ Նավասարդյանն ու Կարեն Ստեփանյանը Փաստաբանների պալատի անդամ են։
Նրանց թվում են անհատ ձեռնարկատերեր Գագիկ Բաղրամյանը, Սամվել Դավթյանը։
Թեկնածուներից Վահագն Թադևոսյանը Էրեբունի սրտաբանական կենտրոնի ղեկավարի օգնականն է, Վարդան Առաքելյանը՝ ՍՊԸ տնօրեն, Վազրիկ Գրիգորյանը մեկ այլ ՍՊԸ-ում աշխատումէ որպես խորհրդական, Սուրեն Թոփալյանը Էջմիածնի քաղաքապետարանի բաժնի պետ է, Վահե Մովսիսյանի ու Սամվել Մուրադյանի անունների դիմաց նշված չէ, թե ինչով են զբաղված, Սուրեն Մուրադյանը՝ ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ում աշխատում է որպես գլխավոր փորձագետ։ Թեկնածուների գրանցման ժամկետը կավարտվի վաղը։
Չնայած ինքնաառաջադրված լինելուն համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դիաննա Գասպարյանը հայտարարել է, որ առաջիկա ընտրություններում պատիվ ունի ներկայացնելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Իմ քայլը» հեղափոխական ուժը:
«Շատերի համար գաղտնիք չէ, որ մեր հակառակորդները, ովքեր վաղուց անցել են քաղաքական պայքարի թույլատրելի և անթույլատրելի սահմանները, ամեն կերպ փորձել են լուրեր տարածել, թե իբր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը թեկնածու է փնտրում, անգամ փորձել են հայտարարել, թե իրենք են կուսակցության թեկնածուն: Ինչպես տեսնում եք՝ այդ բոլոր լուրերը սուտ են, ինչպես մեր մասին տարածվող գրեթե ամեն բան:
Ես հպարտ եմ լինելու հեղափոխության թեկնածուն իմ սիրելի քաղաքում և հպարտ եմ վայելելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ու մեր հարգելի Վարչապետի վստահությունը: Հաղթանակը մոտ է: Դուխով»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- «Ժամանակ». ՔՊ-ն Էջմիածնում չի ցանկանում քաղաքապետի պաշտոնում տեսնել թույլ թեկնածուի
- Էջմիածնում արտահերթ ընտրություններ կանցկացվեն հոկտեմբերի 21-ին
- Մանվել Գրիգորյանին զրկեցին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից