Պայմանավորվեցինք, որ պետք է բանակցային գործընթաց սկսվի. Փաշինյանը՝ Բաղդասարյանի հետ հանդիպման մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ՝ քննարկելու Ազգային ժողովն արձակելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը։ Հանդիպումը կայացել էր Երևանի «Մարիոթ» հյուրանոցի սրճարանում։
Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողնրին ասաց. «Սա առաջին շփումն էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմայով, մտքեր փոխանակեցինք հարցի վերաբերյալ, պայմանավորվեցինք, որ պետք է բանակցային գործընթաց սկսվի»։
Նա նշեց, որ հանդիպումները կլինեն շարունակական։
Հարցին, թե ի՞նչ ժամկետի համար եք բանակցում, Ն. Փաշինյանն ասաց. «Մենք կարծում ենք, որ ընտրությունները պետք է տեղի ունենան հնարավորինս արագ, ասենք, օրինակ 2-3 ամսվա ընթացքում»։
Նա նշեց, որ խորհրդարանում չի կարող լինել այն պատկերը, ինչ Երևանի ավագանիում, որովհետև գործող Սահմանադրությամբ ԱԺ առնվանզ1/3 պետք է լինի ընդդիմադիր. «Այսինքն, ըստ էության, ապագա խորհրդարանում ինչ արդյունք էլ գրանցվի, ընդդիմության ներկայացվածությունը պակաս չի լինի, քան այսօր է ներկայացված։ Դրա փոխարեն կլինի այն, որ կառավարությունը կունենա մեծամասնություն , որը նրան հնարավորություն կտա լիարժեք գործել և, ըստ էության, զբաղվել երկրի օրակարգի հարցերով»։
Խոսելով ՀՀԿ-ականների դիրքորոշման մասին, վարչապետն ասաց. «Նրանք հրապարակային հայտարարում են, որ ընտրությունները պետք է 2022 թվականին տեղի ունենան։ Ես կարծում եմ, որ դա ոչ կառուցողական դիրքորոշում է։ Քաղաքական պրոցեսների արդյունքում ամեն ինչ հանգել է նրան, որ այսօր Հայաստանի քաղաքացիների համար թիվ մեկ օրակարգային հարցը դարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Մինչև այդ հարցը չլուծվի, ոչ մի ուրիշ հարց երկրում չի լուծվելու, բոլորը շունչները պահած սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Եթե որևէ քաղաքական ուժ դիմադրում է այս պրոցեսին, նշանակում է, որ ուզում է մեր ժողովուրդը շունչը պահած շարունակի մնալ։ Դա սխալ մոտեցում է»։
Նա նշեց, որ հանդիպելու է բոլոր խմբակցությունների ղեկավարների հետ, նաև արտախորհրդարանական ուժերի։
Հարցին, թե ինչպե՞ս եք պատկերացնում այդ համաձայնությունը, նա ասաց, որ երկու տարբերակ կա. «Մեկն այն է, որ սահմանադրական փոփոխություններ ենք ընդունում, մյուսն այն է, որ համաձայնություն ենք ստորագրում, որ այս ինչ օրը վարչապետը հրաժարական է տալիս, քաղաքական ուժերը չեն առաջադրում թեկնածուներ երկու անգամ և տեղի է ունենում խորհրդարանական ընտրություններ։ Երկու տարբերակներն էլ իրենց առավելություններն ու ռիսկերն ունեն, պետք է հաշվի առնենք»։
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ վստահություն կա, որ համաձայնագիրը ՀՀԿ-ն, օրինակ, չի խախտի, վարչապետն ասաց. «Ժողովուրդն է վստահությունը։ Հիմա հնարավոր չէ մեզ հետ կայացրած որևէ համաձայնություն խախտել»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին