Ո՞ւր ենք գնում մենք` դեպի դիկտատուրա՞, թե՞ դեպի Նիկոլ Փաշինյանի պաշտանմունք. Շարմազանով
«Մենք առճակատումներին դեմ ենք, մենք մեր երկրում թշնամիներ ու հակառակորդներ չունենք։ Բայց պետք է անենք ամեն ինչ, որպեսզի իշխանության տարանջատումը պահպանվի։ Այսօր ԱԺ-ն միակ հարթակն է, որը կարող է քիչ թե շատ հավասարակշռել Փաշինյանի միանձնյա իշխանությունը մեր երկրում»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Ո՞ւր ենք գնում մենք` դեպի դիկտատուրա՞, թե՞ դեպի Նիկոլ Փաշինյանի պաշտանմունք: Ես դեմ եմ դրան: ՀՀԿ-ն դեռևս ամիսներ առաջ ասել է, որ պատրաստ է քննարկել և ընտրական օրենսգիրքը, և արտահերթ ընտրությունների հնարավորության հարցը: Բայց քննարկել չի նշանակում, երբ Փաշինյանը ձեռքով նշան անի, ԱԺ-ն լուծարենք ու իր քիմքին համապատասխան ԱԺ ընտրենք»,- ասաց նա:
Շարմազանովը շեշտեց` այս Ազգային ժողովը, ուզի Փաշինյանը, թե չուզի, ուզի հասարակության մի մասը, թե չուզի, ուզեն հանրապետականները թե չուզեն, ընտրվել է օրինական ընտրությունների արդյունքներով:
«Այս Ազգային ժողովը լեգալ է։ Օրենսդիր մարմինն ընտրվում է ժամկետով, և մենք ունենք մանդատ մինչև 2022 թվականն աշխատելու։ Իրենք ասում են` իբր ժողովրդի կարծիքն է փոխվել: Ժողովրդի կարծիքը կարող է վեց ամիսը մեկ փոխվել, ինչ է վեց ամիսը մեկ պետք է ընտրություն անե՞նք։ Ես մինչև դեկտեմբեր և առհասարակ արտահերթ ու հրատապ զարգացումներին դեմ եմ՝ անկախ ժամկետներից»,- տարակուսանք հայտնեց նա՝ միաժամանակ շեշտելով, որ Հայաստանը շատ ավելի կարևոր հարցեր ունի, քան արտահերթ ընտրությունները, ինչպես օրինակ Արցախյան հիմնախնդիրը։
Անդրադառնալով Փաշինյան-Ալիև դեմառդեմ վերջին հանդիպմանը և ՀՀ վարչապետի՝ դրան հետևած գնահատականներին՝ Էդուարդ Շարմազնովը նկատեց. «Երեկ էլ մի բան իմացա, որ Ալիևը մի հրաշք անձնավորություն է, մի հատ կիրթ, նորմալ. դրական անձնավորություն է: Չգիտեինք: Էն Ալիևը, որ 2016 թվականին պատերազմ է սկել, այն Ալիևը, որ հայ զինվորին գլխատած ստահակին հերոսացրել է: Օպերատիվ շփումը մի բան է, դրական և պոզիտիվ կիրթ անձնավորություն հայտարարելն` այլ բան։ Կներեք, գերմանական երրորդ ռեյխի ողջ կազմը կամ մեծամասնությունը շատ կիրթ անձինք էին, բայց բռնաբարեցին ամբողջ Եվրոպան»:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան-Բաղդասարյան հանդիպման մեջ արտառոց ոչինչ չկա. Արմեն Աշոտյան
- ՀՀ վարչապետն այսօր կհանդիպի ՀՀԿ խմբակցության ղեկավարին՝ քննարկելու ԱԺ արտահերթ ընտրությունների հարցը. Լենա Նազարյան
- Փաշինյան. Առաջիկայում քննարկելու եմ խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակացույցն ու պայմանները
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին