Մահացել է Շառլ Ազնավուրը
94 տարեկան հասակում մահացել է հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրը։ Այս մասին հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալությունը։
#BREAKING French singer Charles Aznavour dies aged 94: spokeswoman pic.twitter.com/uQoFLDj1Vd
— AFP news agency (@AFP) October 1, 2018
Շանսոնյեի մամուլի-կցորդը հայտնել է , որ Ազնավուրը մահացել է սեպտեմբերի 30-ի լույս հոկտեմբերի 1-ի գիշերը՝ Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը։ Անցած ամիս նա համերգներով Ճապոնիայում էր, որը երգիչն անցած ամառ ստիպված հետաձգել էր կոտրված ձեռքի պատճառով։ Այդ ժամանակ բժիշկները խորհուրդ էին տվել նրան կենտրոնանալ իր առողջության վրա։
Նա Շվեյցարիայում ՀՀ դեսպանն էր, Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչը։
Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում, ծննդյան անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան: Ազնավուրի հայրը ծնվել էր Ախալցխայում, արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը, Իզմիրից էր, Հայոց ցեղասպանության ականատես փրկվածներից: Շառլի հայրը երիտասարդ տարիներին ապրել էր Թբիլիսիում, ուր աշխատանքի համար տեղափոխվել էր նրա ընտանիքը (Շառլի պապը Թբիլիսիի գլխավոր կառավարչի անձնական խոհարարն էր): Հետագայում Ֆրանսիա տեղափոխվելուց հետո Միշա Ազնավուրյանը երգում էր ռեստորաններում, մինչ կհիմներ իր սեփական կովկասյան ռեստորանը՝ կոչելով այն Le Caucase («Կովկաս»)։
Միսաք Մանուշյանը՝ Ֆրանսիական դիմադրության շարժման առաջնորդը, ով մահապատժի ենթարկվեց ֆաշիստների կողմից 1944 թվականին, Ազնավուրյանների տան մշտական հյուրն էր, և Ազնավուրյաններն աջակցում էին նրան և կնոջը՝ Մելինեին, երբ նրանք թաքնվում էին։ Իր կնոջ հետ միասին, ով դերասանուհի էր, Միշան ծանոթացրեց Շառլին թատրոնի աշխարհի հետ վաղ տարիքից։ Շառլը թողեց դպրոցը 9 տարեկանում՝ արդեն տարված լինելով արտիստի կյանքով։ Նա սկսեց հանդես գալ այդ ժամանակից և շուտով վերցրեց «Ազնավուր» բեմական անվանումը։ 1940-ական թվականներին Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել Կաբարեում։ Առաջին երգը՝ «Ես խմել եմ» (1944), Ժորժ Ուլմերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։ Շառլի աստեղային ժամը եկավ 1946 թվականին, երբ Էդիթ Պիաֆը, լսելով նրա երգեցողությունը, պայմանավորվեց տանել նրան իր հետ Ֆրանսիայում և ԱՄՆ-ում շրջագայությունների:
Համաշխարհային հռչակ է ստացել 1956 թվականին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։ «Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրել է ֆրանսիական մամուլը։ Շուրջ հազար երգի հեղինակ է /մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ/, այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Դրանց կատարողներից են՝ Էդիթ Պիաֆը, Լայզա Մինելլին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Պլասիդո Դոմինգոն, Խուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։
Նկարահանվում է կինոյում՝ «Գլուխը պատին» (1958), «Կրակե՛ք դաշնակահարի վրա» (1960), «Սատանան և տասը պատվիրանները» (1962), «Արարատ» (2002) և այլն։ Ազնավուրը հպարտանում է իր հայկական ծագմամբ, մշտապես սատար է կանգնում Հայաստանին։ Հայկական թեմաներով են նրա «Քեզ համար, Հայաստան», «Նրանք ընկան» (Ցեղասպանության վաթսունամյակին), «Ինքնակենսագրություն», «Քնքուշ Հայաստան» երգերը։ Դստեր՝ Սեդա Ազնավուրի հետ հայերեն կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը։ 1988 թվականի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։ 1964, 1996, 2006 և 2014 թվականներին համերգներ է տվել Հայաստանում։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը։
2009 թվականի մայիսի 4-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով նշանակվել է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ: 2009 թվականի մայիսի 5-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
2011 թվականից սկսվել է Ազնավուրի նոր համաշխարհային շրջագայությունը՝ Aznavour en Toute Intimité խորագրով։ Նույն թվականին թողարկված նոր՝ "Aznavour toujours" ալբոմը Ֆրանսիայի և Բելգիայի հիթ-շքերթներում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։
Վիլյամ Սարոյանը մի առիթով ասել է. «Երբ ռադիոընդունիչի կոճակը կսեղմեմ և հեռու-հեռուներեն կլսեմ Ազնավուրի երգերը, միտքես կըսեմ. «Ապրիս, եղբայր, դուն ալ հաղթեցիր, դուն մեծ ու տոկուն հայ մըն ես...»:
Հարակից հրապարակումներ`
- 94 տարեկանում Շառլ Ազնավուրը չորրորդ անգամ պապիկ է դարձել
- Շառլ Ազնավուրը ծրագրում է իր հարյուրամյակին համերգով հանդես գալ
- «Ձեր միջոցով մենք սիրել ենք Ֆրանսիան». Նախագահի շնորհավորական ուղերձը՝ Շառլ Ազնավուրին
- Մենք Ձեզ անհամբեր սպասում ենք Հայաստանում. Փաշինյանը՝ Ազնավուրին
- Շառլ Ազնավուր. Հիմա բացում ենք երջանկության, իմաստնության և սիրո էջը
- Շառլ Ազնավուրը արժանացել է Ծագող արևի շքանշանին
- Հոսպիտալացվել է Շառլ Ազնավուրը
- Շառլ Ազնավուրը հայտարարություն է տարածել Հայաստանում ստեղծված իրավիճակի հետ կապված
- Ազնավուրի թույլտվությամբ «Հայր Գորիո»-ի հայերեն թարգմանության շապիկին կադր է նրա մասնակցությամբ ֆիլմից
- Ազնավուրը հույս է հայտնել, որ Ադրբեջանը չի խոչընդոտի համանախագահների կողմից առաջարկված մեխանիզմների հաստատմանը
- Ազնավուրը ստացել է «Քրիստիան» մրցանակը՝ Համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար
- Շառլ Ազնավուրը, Տիգրան Համասյանն ու Անդրե Մանուկյանը՝ Ժնևի Ֆրանկոֆոնիայի համերգին
- Կուզեի երգել ու ծերանալ՝ ինչպես Ազնավուրը. Սթինգ
- Շարլ Ազնավուրի մասին պատմող ֆիլմում կներառվեն նաև երկրպագուների հուշերը
- Եթե ես լսեի քննադատներին, այսօր բեմում չէի լինի. Շարլ Ազնավուր
- Սիրում եմ մի փոքր «չարչարել» հանդիսատեսին. Շարլ Ազնավուր
- Չինաստանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպման ժամանակ Ազնավուրի երգն է հնչել
- Իմ Նոբելյան մրցանակն իմ կինն է. Շարլ Ազնավուր
- Ես սիրում եմ հանդիսատեսին, հանդիսատեսը սիրում է ինձ. Շարլ Ազնավուր
- Շառլ Ազնավուրն արդեն իր ձիթենու ծառն ունի Աշխարհի Արդարներին նվիրված պուրակում
- Շարլ Ազնավուր. Չեմ սիրում այն մադկանց, ովքեր գնում են ուրիշ երկիր և քննադատում են իրենց երկրի քաղաքականությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան