Ազնավուրի մահը համամարդկային կորուստ է. Վարչապետ
«Դժվար է հավատալ, որ մարդը, ով դարաշրջան, պատմություն ու սեր է կերտել, և անմնացորդ ծառայել է սեփական ժողովրդին, ժողովուրդներին, մարդ, ով 80 տարի իր բեմական գործունեությամբ հիացրել և ջերմացրել է միլիոնավոր մարդկանց, այսօր այլևս մեզ հետ չէ»,- այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ՀՀ ազգային հերոս,հայտնի շանսոնյե Շարլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ուղղված իր ցավակցական խոսքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա ցավալի, սգալի օր է մեր ժողովրդի պատմության, մեր երկրի պատմության համար։ Ուզում եմ ՀՀ անունից, հայ ժողովրդի անունից իմ վշտակցությունը հայտնել մեզ բոլորիս, ցավակցել հայ ու ֆրանսիացի ժողովրդին, ցավակցել Շարլ Ազնավուրի բոլոր երկրպագուներին ու արվեստի սիրահարներին»,- ասաց նա։
Փաշինյանը շեշտեց, որ Ազնավուրի մահը համամարդկային կորուստ է։
Կառավարությունը ևս ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձը Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ. «Սիրելի հայրենակիցներ,
Խորը ցավով ստացա Շառլ Ազնավուրի մահվան բոթը. կյանքի 94-րդ տարում մեզանից հեռացել է հայ ժողովրդի մեծագույն զավակներից մեկը:
Դժվար է հավատալ, որ մահացել է մի անձնավորություն, ով կերտել է մի ողջ դարաշրջան, կերտել է պատմություն, կերտել է սեր, և անմնացորդ ծառայել սեփական ժողովրդին, սեփական ժողովուրդներին, որովհետև Շառլ Ազնավուրն ասում էր՝ ես 100 տոկոսով ֆրանսիացի եմ և 100 տոկոսով հայ: Նա 80 տարի իր բեմական գործունեությամբ հիացրել, ջերմացրել և ոգեշնչել է տասնյակ, հարյուր միլիոնավոր մարդկանց՝ բոլոր մայրցամաքներում:
Սա ցավալի, սգալի օր է մեր ժողովրդի և մեր երկրի պատմության համար: Մահացել է Հայաստանի Ազգային հերոսը: Անուրանալի է Շառլ Ազնավուրի ավանդն Անկախ Հայաստանի կայացման ու հզորացման գործում:
Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի անունից իմ խորին վշտակցությունն եմ հայտնում Ֆրանսիայի ժողովրդին, Շառլ Ազնավուրի հարյուր միլիոնավոր երկրպագուներին՝ աշխարհի տարբեր մասերում: Ցավակցում եմ մեզ բոլորիս՝ ամբողջ հայ ժողովրդին:
Սա իսկապես մեծ համամարդկային կորուստ է, որովհետև Ազնավուրը մարդ է, ով ստեղծել է ոչ միայն ազգային, այլև համամարդկային արժեքներ, որոնք երկար տարիներ մարդկությանը կուղեկցեն դեպի սեր ու համերաշխություն՝ այդ արժեքների հիման վրա մարդկանց մղելով դեպի առաքինություն»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին