Փորձ է արվում կասեցնել խորհրդարանն իրավունքի ուժով արձակելու պրոցեդուրան. Էդմոն Մարուքյան
«Ըստ էության, նախագծի բնույթն այլևս բացահայտված է», -այսօր ԱԺ-ում «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» երկրորդ ընթերցման ներկայացված օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Այն իր առջև խնդիր է դրել, որ վարչապետի հրաժարականի պարագայում, եթե երկու անգամ անընդմեջ երկու շաբաթվա ընթացքում չընտրվեր վարչապետ, պետք է խորհրդարանը արձակվեր։ Այս նախագծով փոփոխություն է կատարվում, որ եթե պատգամավորները չեն կարողացել գալ, և ինչ-ինչ պատճառներով նիստը հնարավոր չէ գումարել, ապա նախագահողը հայտարարելու է, որ նիստը համարում է ընդհատված, որովհետև կան խոչընդոտներ: Սրանով փորձ է արվում կասեցնել վարչապետի չընտրվելու այն պրոցեդուրան, որի արդյունքում խորհրդարանը պետք է իրավունքի ուժով արձակվի»,-ասաց պատգամավորը։
Ըստ խորհրդարանականի, սակայն, նույնիսկ նման նախագիծը այդ խնդիրը չի լուծում:
«Նույնիսկ նման նախագծով ձեր առջև դրված խնդիրները չի լուծվում, որովհետև սահմանադրական ժամկետները հստակ են, Սահմանադրությունն ասում է, որ 14-օրյա ժամկետում, եթե խորհրդարանը չի ընտրում վարչապետ, խորհրդարանն իրավունքի ուժով արձակվում է։ Չի ասում՝ ինչ պայմաներում չի ընտրում, ասում է՝ չի ընտրում: Հետևաբար` Սահմանադրության մեջ չենք կարող որևէ բան ավելացնել ԱԺ կանոնակարգ-օրենքով, որովհետև ժամկետները ֆիքսված են»,-նշեց Էդմոն Մարուքյանը։
Պատգամավորը նշեց, որ «Ելքը» դեմ է քվեարկելու նախագծին:
«Հետևաբար այս նախաձեռնությունը, ճիշտ է, բերվել է, որ կանխվի այդ գործընթացը, որի պատճառով «Ելքը» դեմ է, բայց տեղեկացնում եմ՝ Սահմանադրությունը հստակ է, այս առումով, սահմանադրական ժամկետները չեն կարող փոխվել, 14 օրվա ընթացքում, եթե վարչապետ չընտրվեց, խորհրդարանը լուծարվելու է»,-փաստեց պատգամավորը:
Ավելի ուշ, լրագրողների հետ ճեպազրույցում Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը ասաց. «Մենք նոր ենք դուրս եկել քարոզարշավից, բայց պատրաստ ենք նոր քարոզարշավի։ Բայց ես մեր տեղն եմ խոսում, բազմաթիվ ուժեր կան, որ ասում են՝ դեռ պատրաստ չեն, հետևաբար բանակցություններն էլ հենց դրա համար են, վարչապետը և խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ կհանդիպի և բանակցությունների արդյունքում կգան կոնսենսուսի»։
Ինչ վերաբերում է ավագանու ընտրություններին, Մարուքյանն ասաց, որ դրանք սովորական ավագանու ընտրություններ չեն եղել. «Դա եղել է գործընթաց՝ հեղափոխությունը ևս մեկ անգամ արձանագրելու, ևս մեկ անգամ ցույց տալու, որ վարչապետը վստահություն է վայելում։ Չի եղել ռեալ մրցակցություն առաջին համարների միջև։ Արդյունքն այն է, ինչ ունենք և պարզ էր դա»։
Լրագրողների հարցին, թե հիմա անցել է հետհեղափոխական էյֆորիան, Մարուքյանը պատասխանեց. «Չեմ կարծում, թե անցել է, չեմ կարծում, որ կանցնի մեկ կամ երկու տարի հետո»։
Խոսելով դեկտեմբերին ընտրություններ անցկացնելու հավանականությունից՝ նա նշեց, որ եթե Ընտրական օրենսգիրքը հիմա ընդունվի, գործելու է Վենետիկի հանձնաժողովի այն պահանջը, որ պետք է վեց ամսից մեկ տարի ժամանակ տրվի քաղաքական ուժերին, հետևաբար եթե պետք է դեկտեմբերին կազմակերպվի ընտրություններ, ապա լինելու է գործող ԸՕ-ով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին