Եթե ձեր կողմից առաջադրված վարչապետի հետ ներքին խնդիրներ ունեք, մի տեղափոխեք ԱԺ. Գևորգ Պետրոսյան
«Եթե դուք ձեր խմբակցության կողմից առաջադրված վարչապետի հետ ներքին խնդիրներ ունեք, դա ձեր հարցն է, խնդրում եմ չտեղափոխել Ազգային ժողով։ Այստեղ զուտ իրավաբանական հարց է լուծվում, այսինքն՝ եթե ԱԺ-ն բնականոն աշխատանք պետք է իրականացնի, և դա խոչընդոտվում է, մենք աշխատանքներն ապահովագրում ենք այդ խոչընդոտներից»,- այսօր խորհրդարանում նիստի ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծով փորձ է արվում կասեցնել խորհրդարանն իրավունքի ուժով արձակելու պրոցեդուրան։
«Եթե անգամ պայմանականորեն ընդունենք, որ սա կապված է հավանական դեպքերի հետ, փոխանակ իրավաբանները խոսեն հակասահմանադրական կարգով ԱԺ աշխատանքները տապալելու մասին, խոսում են դրան աջակցելու մասին։ Ի՞նչ է նշանակում գալ, կանգնել այստեղ և փոխանակ իրավաբանությունը զարգացնել՝ զարգացնել ֆանտազիան, զբաղվել գուշակությամբ։ Գուշակությունը քաղաքականության մեջ խիստ է պատժվում»,- ասաց պատգամավորը։
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն իր հերթին նկատեց, որ նախորդ գումարման խորհրդարանի իրենց գործընկերներից մեկն անընդհատ կրկնում էր՝ «Սահմանադրության հայեցողական մեկնաբանությունը վերջերս շատ նորաձև է դարձել, ում ոնց հարմար է, Սահմանադրությունն այդպես է մեկնաբանում»։
«Խոչընդոտումն այնքան ակնհայտ պետք է լինի, որ ոչ մեկի մոտ կասկած չհարուցի։ ԱԺ նախագահը ոչինչ չի որոշում, եղած փաստն ընդամենը պետք է հայտարարի։ Իրավական անգամ նրբին խնդիր չկա, ես ձեզ հավաստիացնում եմ և զերծ եմ մնում որևէ հայեցողական մեկնաբանությունից»,- ասաց ԱԺ փոխնախագահը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան