Աշոտյանը վաղը Փաշինյանից Ադրբեջանում երկու հայ գերիների մասին տեղեկությունների է սպասելու
Խորհրդարանում այսօր հայտարարությունների ժամին Հանրապետական խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը խոսեց Արցախյան հիմնահարցի մասին, որտեղ, նրա խոսքով, իշխանություն-ընդդիմություն տարանջատումը երբեք չպետք է ճակատագրական դառնա։
«Բոլորս հետաքրքրությամբ հետևեցինք Նիկոլ Փաշինյանի հաղորդագրությանն առ այն, որ Ալիևի հետ ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ։ Սրտանց ուզում եմ հավատալ, որ այդ պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն, քանի որ անգամ եթե մեկ զինվորի կյանք է փրկվելու այդ պայմանավորվածությունների շնորհիվ՝ դրանց արժե գնալ»,- ասաց նա։
Աշոտյանը՝ ԱԺ ամբիոնից որոշակի մտահոգություններ հայտնեց՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Ես կխնդրեմ վարչապետին չկորցնել զգոնությունը։ Ուզում եմ այս ամբիոնից վերահաստատել, որ Ադրբեջանին ՀԱՊԿ թողնել չի կարելի, որ Վիեննայի, Պետերբուրգի ու Ժնևի պայմանավորվածությունները ուժի մեջ են և պետք է կյանքի կոչվեն։ Ադրբեջանի նախագահի մամուլի խոսնակը վերջին պայմանավորվածությունը մեկնաբանեց որպես՝ «տեսաք բա որ ասում էինք Ադրբեջան-Հայաստանն է բանակցային, Ղարաբաղ չի լինելու» ոճի մեջ։ Ուզում եմ շեշտել հենց Նիկոլ Փաշինյանի տեսակետը, քանի որ մենք էլ ենք այդ տեսակետը հայտնել՝ առանց Արցախի ժողովրդի որոշման այդ հակամարտությունը չի կարգավորվելու։ Շատ չտարվենք այն հանգամանքով, որ Ադրբեջանի նախագահը բարեկիրթ է, կիրթ է, գուցե նաև շնորհքով է, թե չէ օրենքի տառը չի պահպանի և շատ շնորհքով կարող է ներխուժել Արցախ, և այդ դեպքում կարող ենք ունենալ ոչ թե Նիկոլ Փաշինյանի «լայվերը» դիտելու հնարավորություն, այլ լրիվ այլ կադրեր դիտելու հնարավորություն։ Ուզում եմ առիթից օգտվել, նաև վարչապետին խնդրել հետևյալը՝ Հայաստանում իշխանությունը վերարտադրելու, իշխանությանը մնալու ցանկությունը հետաքրքիր է, կարևոր է, քաղաքական գործչի համար բնական է, բայց հանկարծ դրա խաթր չներքաշեք մեր երկիրը մեզ չվերաբերող աշխարհաքաղաքական խաղերի մեջ»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը։
Այնուհետև շարունակեց. «Եթե Ալիևի հետ այդ օպերատիվ կապը ստեղծվել է, ապա խնդրում եմ այսօր ճշտեք մեր երկու գերիների՝ Կարեն Ղազարյանի և Զավեն Կարապետյանի ճակատագրերն Ադրբեջանում։ Փաշինյան-Ալիև այս փոխըմբռնման ամենակարևոր պտուղներից մեկը գոնե կարող է լինել այն բարի կամքը, որ մեր երկու գերիներն անհապաղ արձակվեն։ Ես կսպասեմ վաղը վարչապետի կողմից այս ամբիոնից հավելյալ տեղեկություններ՝ մեր երկու գերիների մասին»։
Հարակից հրապարակումներ`
- Իլհամ Ալիևի հետ ձեռք է բերվել սահմանագծում միջադեպերը կանխելու մասին պայմանավորվածություն. վարչապետ
- Դուշանբեում Փաշինյանն ու Ալիևը մի քանի բառ են փոխանակել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան