Մենք կողմ ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, դեմ՝ անհապաղ անցկացմանը. Ռուստամյան
«Մենք ժամադրություն դեռ չենք ստացել, բայց պատրաստ ենք բանակցությունների»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով վարչապետի հետ արտահերթ ընտրությունների հարցի քննարկմանը։
Նրա խոսքով՝ անկախ նրանից թե երեկ ինչ են խոսել Նիկոլ Փաշինյանն ու Վահրամ Բաղդասարյանը, ՀՅԴ-ն ունի իր հստակ դիրքորոշումը։
«Մենք կողմ ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, բայց դեմ ենք դրանց անհապաղ անցկացմանը: Մեր կարծիքով՝ դա պետք է տեղի ունենա այն անհրաժեշտ քայլերը կատարելու տրամաբանությամբ, որոնց համար բավարար ժամանակ պետք է հատկացվի»,- ասաց Ռուստամյանը։
Արմեն Ռուստամյանը թվարկեց իրենց կողմից անհրաժեշտ համարվող քայլերը, որոնք երեքն են։
«Առաջինը՝ ընտրությունները պետք է տեղի ունենան նոր Ընտրական օրենսգրքով, ոչ թե հնով, որում առկա է ռեյտինգային համակարգը։ Երկրորդը՝ ոստիկանության դերակատարությունն է։ Կառավարության ծրագրում և ընտրական բարեփոխումներում նախատեսվում է լուրջ դերակատարություն վերապահել ոստիկանությանը: Եթե դա այդպես է, ապա օր առաջ պետք է փոխվի ոստիկանության ենթակայության հարցը, նրա չեզոքության հարցը պետք է ապահովել, քանի որ այսօր ոստիկանությունն ուղիղ ենթակա է վարչապետին: Ոստիկանության վերահսկողությունը պետք է վերապահվի Ազգային ժողովին, ստեղծվի ներքին գործերի նախարարություն: Երրորդը՝ ժամանակն է, որն անհրաժեշտ է այս փոփոխություններն իրագործելու համար: Քաղաքական ուժերն ու հասարակությունը պետք է պատրաստ լինեն այդ փոփոխություններին, ժամկետի հաշվարկ պետք է արվի, հետո նշանակվեն ընտրություններ: Եվ սահմանադրական նորմով, որն այսօր կա՝ երկու անգամ վարչապետի չընտրվելու պարագայում խորհրդարանի լուծարումը, այդ պրոցեսները պետք է այնպես տարվեն, որ ժամկետների առումով մեզ համար ընդունելու օրը կատարվեն արտահերթ ընտրություններ»,- մանրամասնեց պատգամավորը։
Նա հավելեց, որ տարուց ոչ ավելի ժամկետ է պետք, որպեսզի այս ամենը կյանքի կոչվի, բոլոր խնդիրները լուծվեն:
Ռուստամյանը նաև ընդգծեց, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները չի կարելի հիմք համարել արտահերթ խորհրդարանական ընտրություններն ավելի արագ անցկացնելու համար. «Ոչ թե եղել է ավագանու ընտրություն, այլ եղել է հանրաքվե, այն էլ լոկալ հանրաքվե բառիս բուն իմաստով, անցկացվել է միայն Երևանում: Մենք, ճիշտն ասած, չենք իմացել, որ մասնակցում ենք հանրաքվեի, մենք իմացել ենք, թե մասնակցում ենք ավագանու ընտրություններին: Բայց եթե այդպես է դիտարկվում, որ հանրաքվեի է դրվել մի հարց՝ ժողովուրդն ուզում է ԱԺ-ն լուծարվի, թե՝ ոչ, կարծում եմ, որ այդ պարագայում հանրաքվեի արդյունքները ճիշտ չեն ներկայացվում, սխալ են ամփոփվել, որովհետև ոչ թե 82 տոկոսն է ուզում, այլ 100 տոկոսը»։
Հարակից հրապարակումներ`
- Հանդիպումների նպատակը որևէ մի կողմին գոհացնելը չէ. Աշոտյան
- Փողոց դուրս գալով պառլամենտ չեն ձևավորում. Վահրամ Բաղդասարյան
- Պայմանավորվեցինք, որ պետք է բանակցային գործընթաց սկսվի. Փաշինյանը՝ Բաղդասարյանի հետ հանդիպման մասին
- Պատրա՞ստ եք ընտրակարգի շուրջ քննարկմանը մասնակցել, թե դա ձեզ համար փակված թեմա է. Ռուստամյանը` կառավարությանը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան