Երևանում Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումին կմասնակցի ու բանախոս կլինի արհեստական ինտելեկտ Սոֆիան
Հոկտեմբերի 7-ից 12-ը Երևանում կանցկացվի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որի շրջանակներում նախատեսված են մի շարք միջոցառումներ։ Հոկտեմբերի 10-ին Թումո կենտրոնում իր աշխատանքները կսկսի Տնտեսական ֆորումը, որն անցկացվելու է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո։
Այսօր ԱԳՆ-ում կազմակերպված մամուլի ասուլիսին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը տեղեկացրեց, որ 2014թ.-ին ընդունվել է Ֆրանկոֆոնիայի տնտեսական ռազմավարությունը և ընդգծվել, որ անհրաժեշտ է տնտեսական ու գործարար շրջանակների համար ստեղծել ֆորում՝ անդամ երկրներից շահագրգիռ կողմերին միավորելու համար։
Նշվեց, որ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում տնտեսական ֆորումն առաջին անգամ անցկացվելու է Հայաստանում, որն ավելի փոքր թիրախային խմբի համար է։ ֆորումին ակնկալվում է մոտ 360 մասնակիցների, գործարարների ներկայություն Ֆրանկոֆոնիայի տարածքից։
Հոկտեմբերի 9-ին ֆորումի մասնակիցների համար լինելու է բիզնես տուրեր, մասնակցություն ԴիջիԹեք էքսպոյին, որը ամեն տարի ունենում է մոտ 70 հազար մասնակից, այց Արարատի կոնյակի գործարան։
Հոկտեմբերի 10-ին ֆորումը կսկսի իր աշխատանքները՝ 3 զուգահեռ քննարկումներով, որոնք կվերաբերեն բարձր տեխնոլոգիաներին, կայուն զարգացմանը, կոմերցիոն հարաբերություններին։
«Բիզնես ֆորումի շրջանակում կլինի առանձին կոմպոնենտ, որի շրջանակում նախատեսվում է Հայաստանում հիմնել Ֆրանկոֆոնիայի երկրների ՏՏ նախարարների ցանց։ Ֆորումին ակնկալում ենք առանցքային հյուրերի ներկայություն, ի թիվս խոշոր գործարարների, հիմնական բանախոս է լինելու ինտերնետի հայրերից մեկը՝ Լուի Պուզանը, և կրկին որպես հիմնական բանախոս Հայաստանում է լինելու ու գործարար ֆորումին մասնակցելու է Սոֆիան։ Սոֆիան աշխարհի ամենակատարյալ ռոբոտն է, արհեստական ինտելեկտի կատարյալ դրսևորումը, միակ ոչ մարդն է, ով ունի ՄԱԿ-ի տիտղոս։ Սոֆիան մասնակցելու է նաև հարց ու պատասխանի»,-ասաց Մանե Ադամյանը՝ հավելելով, որ բիզնես ֆորումը լինելու է շատ հետաքրքիր ու ժամանակակից մարտահրավերներին անդրադարձող։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին