ԿԳ նախարար. Հայաստանը տարեցտարի զիջում է իր դիրքերը միջազգային օլիմպիադաներում
«Ուսումնասիրելով վերջին տարիներին ՀՀ թիմերի արձանագրած արդյունքները՝ ակնհայտ է դառնում, որ մեր երկիրը տարեցտարի զիջում է իր դիրքերը միջազգային հարթակներում՝ արժանանալով ավելի քիչ թվով մրցանակների»,-ասել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաների հանձնաժողովների նախագահների, թիմերի ղեկավարների և վերջին տարիներին մրցանակային տեղեր զբաղեցրած մի խումբ երիտասարդների մասնակցությամբ կայացած հանդիպման ժամանակ։
ԿԳ նախարարության փոխանցմամբ, նախարարը նշել է, որ այս քննարկումը Հայաստանի թիմը միջազգային օլիմպիադաներին պատշաճ կերպով նախապատրաստելու նպատակ ունի:
«Մեր նպատակն է՝ մասնագետների հետ քննարկել առկա խնդիրները, այդ թվում՝ պետբյուջեից օլիմպիադաների ֆինանսավորման հետ կապված հարցերը՝ տրամադրվող գումարներն առավել արդյունավետ բաշխելու նպատակով»,-նշել է նախարարը՝ ակնկալելով, որ հանդիպման մասնակիցները կկիսվեն իրենց դրական փորձով և առաջիկա անելիքներով, ինչպես նաև համապատասխան հետևություններ կարվեն՝ իրավիճակը բարելավելու նպատակով:
Որպես ցանկալի արդյունքի հասնելու հիմնական խոչընդոտներ՝ հանդիպման մասնակիցները նշել են լաբորատորիաների բացակայությունը, մարզերում համապատասխան խմբակների և մասնագետների պակասը, փորձագիտական հմտություններ ունեցող դպրոցականների փոքր թիվը և այլն:
Նշվել է, որ օլիմպիադան առավելապես կամավորական շարժում է, որի հիմքում ընկած են դրանում ներգրավված մարդկանց նվիրումը և անձնական նախաձեռնողականությունը: Առաջարկ է հնչել՝ նախևառաջ կանոնակարգել օլիմպիադաների կազմակերպման գործընթացը, ինչպես նաև վերականգնել օլիմպիական ճամբարները, որտեղ, ըստ մասնագետների, դպրոցականները հնարավորություն կունենան օլիմպիադայից առաջ բարելավել իրենց պատրաստվածության մակարդակը:
Ըստ աղբյուրի, ամփոփելով քննարկումը՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ 2022 թվականին «Կենսաբանություն» առարկայի միջազգային օլիմպիադան անցկացվելու է Հայաստանում, որը, ըստ նախարարի, լրացուցիչ խթան կհանդիսանա՝ օլիմպիական շարժումը զարգացնելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Երևանում կանցկացվի լողափնյա վոլեյբոլի Օլիմպիական վարկանշային մրցաշար
- Ոսկե և բրոնզե մեդալներ՝ ինֆորմատիկայի Եվրոպայի պատանեկան օլիմպիադայից
- Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադային ԵՊՀ թիմը նվաճել է 4 մեդալ
- Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում անցկացվում է միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները