Սոնա Տռուզյան. Զինծառայողի մահվան փաստով գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով
Արցախում ՊԲ զինծառայողի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։
Հիշեցնենք, որ Քրեական օրենսգրքի 110 հոդվածը վերաբերում է ինքնասպանության հասցնելուն։ 1-ին կետը սահմանում է. «Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով»։
Սոնա Տռուզյանի խոսքով, քրեական գործով նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություն, դատաձգաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ:
«Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ զինծառայողի մահվան հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ»,-ասաց նա։
Հիշեցնենք, հոկտեմբերի 1-ին` ժամը 10:50-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում ծանր հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Գևորգ Սուրենի Հարոյանը:
Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 15:05-ի սահմաններում գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան