Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին Երևան կժամանի 40-ից ավելի երկրի ղեկավար, այդ թվում Մոնակոյի արքայազնը
Հայաստանում վերջին նախապատրաստություններն են կատարվում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման համար։ Այսօր ՀՀ ԱԳՆ-ում ներկայացվեցին նախապատրաստական աշխատանքները, գագաթնաժողովի և հարակից միջոցառումները:
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար, ՖՄԿ գագաթնաժողովի անցկացման արտգործնախարարության աշխատանքային հանձնախմբի ղեկավար Վահագն Մելիքյանը նշեց, որ Հայաստանը՝ Երևանը, ամբողջությամբ պատրաստ է ընդունելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը։
«Երևանում հոկտեմբերի 7-ից 12-ը տիրելու է Ֆրանկոֆոն մթնոլորտ։ Գագաթնաժողովին ու հարակից միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան են ժամանելու ավելի քան 3500 ներկայացուցիչներ։ Վերջին ամիսների աշխատանքն ու մոբիլիզացիան աննախադեպ էր։ Գագաթնաժողովին Երևանում կմասնակցեն 40-ից ավելի երկրների ղեկավարներ»,-ասաց Վահագն Մելիքյանը։
Պետական արարողակարգի ծառայության պետ Լևոն Մինասյանը մանրամասնեց, որ գագաթնաժողովին մասնակցելու է 26 երկրի ղեկավար, 2 փոխնախագահ, Մոնակոյի արքայազնը, 9 վարչապետ, 3 փոխվարչապետ։
Լևոն Մինասյանը նշեց, որ իր բովանդակությամբ միջոցառումն աննախադեպ է, որը կապված է նաև Հայաստանի նկատմամբ հետաքրքրության հետ, քանի որ նախկինում այլ երկրներում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովներին երկրների բարձրագույն ղեկավարների մասնակցությունը եղել է մինչև 30։
Նշենք, որ հոկտեմբերի 7-ին տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի խորհրդի նիստը, 8-9-ին՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական 35-րդ նիստը։ Հոկտեմբերի 9-ին ժամը 5-ին Ազատության հրապարակում կլինի Ֆրանկոֆոնիայի ավանի բացումը, որտեղ տեղադրված են լինելու 40 տաղավարներ ու որոնցում կներկայացվեն 20-ից ավելի երկրների տաղավարներ։ Հոկտեմբերի 10-ին Թումո կենտրոնում իր աշխատանքները կսկսի Տնտեսական ֆորումը, որն անցկացվելու է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո։
Բուն գագաթնաժողովի բացումը կլինի հոկտեմբերի 11-ին, որին մասնակցելու են Ֆրանկոֆոնիայի 84 անդամ երկրների, ինչպես նաև միջազգային մոտ 20 կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Գագաթնաժողովի աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի 12-ին։
Հոկտեմբերի 11-ի երեկոյան՝ 7.30-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա գալա-համերգ, որտեղ մուտքն ազատ է ու կարող են ներկա լինել բոլորը։ Համերգից հետո կլինի դիսկոտեկ՝ ֆրանսիացի հայտնի դիջեյի մասնակցությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Մեկնարկել են Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի համար մամուլի կենտրոնի կառուցման աշխատանքները
- Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ոստիկաններն իրենց մոտ հայերեն-ֆրանսերեն զրուցարան կունենան
- ՖՄԿ գլխավոր քարտուղար. ՀՀ-ում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին երկրների ղեկավարները քննարկելու են աշխարհի համար կարևոր հարցեր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին