Հայաստանում երեխաներին ուղղված հանրային ծախսերը նվազել են. ՅՈւՆԻՍԵՖ
«Հայաստանում երեխաներին ուղղված հանրային ծախսերը նվազել են թե ընդհանուր ծախսերի, թե սոցիալական ծախսերի համեմատ։ Թեև 2012 թվականից ի վեր արձանագրվել է ընդհանուր հանրային ծախսերի աճ, բայց դրանք համամասնորեն չեն ուղղվել երեխաներին»,- այս մասին նշված է ՅՈւՆԻՍԵՖ-ը հրապարակած՝ Հայաստանում երեխաներին ուղղված հանրային ծախսերի գնահատման ուսումնասիրության մեջ։
Այսօր ուսումնասիրության ներկայացմանը բացման խոսքում Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայն ասաց. «Երեխաներին ու դեռահասներին ուղղված հանրային ծախսերը կարևոր դեր են կատարում աղքատության ազդեցությունը նվազեցնելու գործում։ Այսօր գործի դրված միջամտություններն ու քաղաքականության ընտրությունը կորոշեն հայ երեխաների և դեռահասների՝ իրենց ողջ ներուժին հասնելու հավանականությունը հիմա և ապագայում։ Բազմիցս արված հետազոտությունները վկայում են, որ հարաբերականորեն փոքր ֆինանսական ծախսերը վաղ մանկության ընթացքում բազում օգուտներ կբերեն ողջ կյանքի համար ոչ միայն անհատների, այլև՝ հասարակության ու տնտեսության համար»։
Նրա խոսքով՝ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում երեխաներին ուղղված հանրային ծախսերի մեծ մասն ուղղվել է գոյատևման, զարգացման և պաշտպանության իրավունքների իրացմանը, մինչդեռ մասնակցության իրավունքի իրացմանը բաժին է ընկել միայն մոտ 1 տոկոսը։
Ներկայացված տվյալների համաձայն՝ երեխաներին ուղղված ընդհանուր ծախսերից կեսից ավելին կազմում են կրթության, սոցիալական պաշտպանության և առողջապահության գծով ծախսերը։ 2012 և 2015 թվականների տվյալները ցույց են տալիս, որ երեխաներին ուղղված ծախսերում կրթության գծով ծախսերի մասնաբաժինը կազմել է համապատասխանաբար 34,7 տոկոս և 31,6 տոկոս, սոցիալական պաշտպանության գծով ծախսերի մասնաբաժինը՝ համապատասխանաբար 12,7 տոկոս և 12,2 տոկոս, իսկ առողջության գծով ծախսերի մասնաբաժինը՝ համապատասխանաբար 8,4 տոկոս և 8,3 տոկոս։
Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը հավելեց, որ սա վկայում է երեխաների ու դեռահասների մասնակցության իրավունքի իրացումը խթանելու նպատակով թիրախավորված ներդրումների անհետաձգելի անհրաժեշտության մասին, ինչը կնպաստի վերջիններիս սոցիալական ներառմանն ու զարգացմանը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանն էլ հավելեց. «Մյուս կողմից էլ պետք է ընդունել, որ եթե անգամ այդ միջոցները շատ էլ լինեն, ապա անարդյունավետ ներդրումները կամ համարժեք կառավարման մեխանիզմների բացակայությունը կհանգեցնեն նրան, որ չենք ունենա բավարար պաշտպանություն և բարձր որակի ծառայություններ»։
Փոխնախարարն ասաց, որ այժմ նախարարությունում քննարկում են տարբեր ձևաչափեր, թե ինչպես կարող են ավելի ճկուն դարձնել երեխաներին մատուցվող ծառայությունները։
Ուսումնասիրությունն առաջինն է ոչ միայն Հայաստանում, այլև Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում։ Այն ներկայացնում է Հայաստանում երեխաներին ուղղված ուղղակի, անուղղակի և ընդլայնված ծախսերը՝ երկրում գոյություն ունեցող պետական քաղաքականության և Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի պարտավորությունների համատեքստում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան