Կխնդրեմ զբաղվել նաև մեր գործընկերոջ՝ Ռուզաննա Առաքելյանի հանդեպ երեկ տեղի ունեցածով. Աշոտյան
«Եթե ուզում եք զբաղվել օրինախախտումներով՝ որպես ԱԺ պատգամավոր կխնդրեմ Ձեզ զբաղվել նաև մեր գործընկերոջ՝ Ռուզաննա Առաքելյանի հանդեպ երեկ տեղի ունեցածով»,- կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց Հանրապետական խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։
«Մամուլն այսօր դրա մասին գրել է, կարծում եմ, որ եթե խոսում ենք արդարության մասին, ապա այն պետք է լինի բոլորի համար։ Ես ակնկալում եմ, որպեսզի կառավարությունը, ուժայինները, ստանան ձեզնից հանձնարարական՝ պարզելու մեր գործընկերոջ հանդեպ տեղի ունեցածի հանգամանքները, մեղավորներին, հայտնաբերեն նաև ավտոմեքենաներ վնասած քաղաքացիներին»,- շարունակեց պատգամավորը։
Փաշինյանն ասաց, որ տեղյակ չէ Ռուզաննա Առաքելյանի հետ կապված միջադեպից և անպայման կհետաքրքրվի. «Ընդհանրապես երեկվա հետ կապված, եթե խնդիրներ կան, իրավապահները կզբաղվեն»։
Աշոտյանը նաև հիշեցրեց, որ երեկ հայտարարությունների ժամին բարձրաձայնել էր Ադրբեջանում գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների մասին ճակատագրի մասին. «Արդյոք հաստատվե՞լ է օպերատիվ կապը Ադրբեջանի նախագահի հետ և հասցրե՞լ եք ճշտել այս պահի դրությամբ նրանց, մասնավորապես Բերդավանի բնակիչ Կարենի ճակատագրի հետ կապված որևէ նորություն»։
Ի պատասխան վարչապետն ասաց. «Օպերատիվ կապն այս պահի դրությամբ դեռ հաստատված չէ, բայց աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ։ Կարող եմ գոհունակությամբ նշել, որ վերջին օրերին շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով իրավիճակն անհամեմատ ավելի հանդարտ է։ Կառավարությունն ունի ամփոփ տեղեկանք գերության մեջ գտնվող քաղաքացիների մասին, այն կարող եք փոխանցել Ձեզ, որպեսզի այդ հարցերի պատասխանները ստանաք»։
Պատգամավորը վարչապետից հետաքրքրվեց նաև Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ում ներգարվվելուց։
«ՀԱՊԿ-ում Ադրբեջանի անդամակցության մասին որևէ պաշտոնական գործընթաց չկա, այդ մասին կան միայն հրապարակումներ։ Եվ սրա վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը շատ հստակ է, նման հարցերը լուծվում են կոնսենսուսով ու, բնականաբար, ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում անիմաստ է նույնիսկ այդ հարցի վերաբերյալ խոսելը, որովհետև Հայաստանը երբեք իր համաձայնությունը չի տա, որ իր բնակավայրերի վրա կրակող պետությունը դառնա ռազմաքաղաքական մեր հիմնական կազմակերպության անդամ կամ թեկուզ դիտորդ», - պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան