Սոֆիայում ներկայացվում են բուլղարահայ նկարչի գործերը
Սոֆիայի «Յուզինա» պատկերասրահում տեղի է ունեցել բուլղարահայ նկարիչ Արշակ Ներսիսյանի «Գույնը և ձևը» վերտառությամբ անհատական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը:
ԱԳՆ տեղեկատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ, միջոցառմանը մասնակցում էին արվեստի և մշակույթի գործիչներ, հասարակական կազմակերպությունների, հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը:
Ցուցահանդեսին ներկայացված են հեղինակի վերջին տարիների կտավները, որոնք հագեցած են հայկական երանգներով և ներշնչում են ջերմություն ու հանդարտություն: Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև ս.թ. հոկտեմբերի 14-ը:
Արշակ Ներսիսյանը ծնվել է 1952թ. Հայաստանում: Ավարտել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտը: Մշտական բնակություն հաստատելով Բուլղարիայում՝ 1994թ.-ից Բուլղարիայի հայկական մշակութային ինստիտուտի տնօրենն է, նաև «Жените на Армения» («Հայաստանի կանայք») ամսագրի գեղարվեստական ղեկավարը: Տարբեր տարիներին ունեցել է շուրջ 30 անհատական ցուցահանդեսներ: