Փաշինյանը՝ Միհրան Պողոսյանի և ցուցարարների միջև տեղի ունեցածի մասին
«Երեկ ուշ երեկոյան, երբ քաղաքացիները հանդարտ հեռանում էին Դեմիրճյան փողոցով, ականատես եղան, թե ինչպես են Հանրապատեկան խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը և իր հետ գտնվող մարդիկ հայհոյանքներ հնչեցնում քաղաքացիների հասցեին։ Կա տեսանյութ»,- այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։
Նա վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ արդյոք տեղյակ է և եթե այո, ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու այս ուղղությամբ։
«Այդ միջադեպը, որի մասին պատմում եք, վկայում է այն մասին, որ ուժային կառույցները, մասնավորապես, որոշ դեպքերում լավ չեն կատարել հանրահավաքում իմ հնչեցրած այն հրահանգը, որ որոշ օլիգարխների և նրանց թիկնապահների պետք է պառկեցնել ասֆալտին: Այ, եթե պատշած ձևով այդ հրահանգը կատարած լինեին, երեկվա միջադեպը, կարծում եմ ՝ չէր լինի: Ես համոզված եմ, որ նրանք բացթողնվածը անպայման կլրացնեն։ Երեկ ԱԺ-ում ՀՀԿ-ականների հետ հանդիպման ժամանակ ասել եմ՝ տեսեք, դուք շատ բողոքում եք, որ սոցիալական ցանցերում, հրապարակային, այլ տեղերում մարդիկ հայհոյում են ձեզ, վիրավորական բառապաշար են օգտագործում և դուք ասում եք, որ դա ատելության քարոզչություն է: Ես ասացի, որ ակնկալում եմ, որ դուք աջակցեք, որ մենք այդ երևույթը կարողանանք հաղթահարել: Ես չգիտեմ՝ քննությունը կպարզի՝ դրանք Միհրան Պողոսյանի թիկնապահներն են եղել, թե ոչ, բայց Միհրան Պողոսյանը նույնպես այնտեղ ներկա է եղել և եթե պարզվի, որ նա այդպիսի պահվածք է ցուցաբերել, սա կնշանակի, որ նա այնուամենայնիվ լավ չի հասկացել այն, ինչ կատարվել է այդ սենյակում և լավ չի հասկանում, թե ինչ է կատարվում Հայաստանում»,- մանրամասնեց Փաշինյանը։
Նա նշեց, որ երեկ զգացել է, որ առավել մեծ ջանքեր են պահանջվում իրենից, որպեսզի մեր հայրենակիցներին հասանելի դարձնի իր հորդորները, որ ԱԺ պատգամավորների և հատկապես ՀՀԿ-ականների նկատմամբ ցուցաբերեն հանդուրժողական վերաբերմունք:
«Կարծում եմ, որ մենք իսկապես ունենք պրոբլեմ և եթե պարզվի, որ որևէ ՀՀԿ-ական, ոչ ՀՀԿ-ական, մեր կուսակցությունից, կապ չունի, որևէ պատգամավոր, որևէ պատգամավորի ուղեկցող անձինք այդպիսի պահվածք են ցուցաբերում, նրանք կստանան շատ խիստ հակահարված օրենքի կողմից: Ես հույս ունեմ, որ օրենքն այնքան զորեղ կգտնվի, որ քաղաքացիներն իրենց բավարարված կզգան դրանից: Չի ստացվի, որ Միհրան Պողոսյանը և նրա նմանները Երևանի փողոցներում քայլելու պրոբլեմ ունենան: Ես ուզում եմ զգուշացնել բոլոր նրանց, որոնք այդպիսի արարքների հեղինակներ են, որ շատ հաստատուն քայլերով գնում են այդ ուղղությամբ: Մեր ուժերը կարող են չբավարարել, որպեսզի ոմանց Երևան քաղաքում հանգիստ քայլելու իրավունքը կարողանանք պատշաճ ձևով կազմակերպել: Այնպես որ, ես կարող եմ ասել, որ իրավապահները պետք է շատ կտրուկ գործեն և իմ տեղեկություններով, այդ գործով կան բերման ենթարկվածներ»,- հավելեց կառավարության ղեկավարը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան