Դեղագործական ապրանքների, կոշկեղենի, հագուստի գներն աճել են
2018թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 0.4% գնաճ: ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համամձայն, նշված ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է դեղագործական ապրանքների՝ 0.6%, գրասենյակային պարագաների՝ 0.8%, բնակարանի նորոգման և սպասարկման նյութերի՝ 0.9%, տարբեր տեսակի կոշկեղենի՝ 1.2%, գորգերի և հատակի ծածկերի`1.5%, կահույքի և կահավորանքի՝ 1.8%, կենցաղային և այգեգործական գործիքների՝ 2.2%, հագուստի 3.0% գնաճ:
Միաժամանակ, մաքրող, լվացող միջոցների և բնակարանի խնամքի այլ պարագաների գները նվազել են 1.5%- ով, կենցաղային փոքր էլեկտրական սարքերինը՝ 0.6%-ով, խոշոր կենցաղային սարքերինը՝ 0.4%-ով, ոսկերչական զարդերինը՝ 0.2%-ով, վառելանյութինը և քսայուղերինը՝ 0.1%-ով, իսկ ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Ըստ վիճակագրության՝ 2018թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գների մակարդակը մնացել է անփոփոխ:
2018թ. սեպտեմբերին 2017թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 16.2% և 28.8%, իսկ 2017թ. դեկտեմբերի համեմատ՝ 9.3% և 23.3% գնաճ: