Նախագահն այցելել է Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում բացված «Արմենիա» ցուցահանդես
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ Նունե Սարգսյանի հետ այցելել է Նյու Յորքի հանրահայտ «Մետրոպոլիտեն» թանգարանում բացված՝ հայկական մշակութային ժառանգությանը և ավանդույթներին նվիրված «Արմենիա» խորագրով ցուցահանդես: Այս մասին հայտնում են Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նրանք շրջել են ցուցասրահներով, դիտել աշխարհով մեկ սփռված հայկական համայնքներից հավաքված, 4-րդից մինչև 17-րդ դարերն ընդգրկող մշակութային ժառանգության ավելի քան 140 եզակի գլուխգործոցները, որոնց թվում են պատկերազարդ ձեռագրեր, խաչքարեր, տպագիր գրքեր և այլ բարձրարժեք ցուցանմուշներ, ներառյալ՝ Թորոս Ռոսլինի, Սարգիս Պիծակի, Հակոբ Ջուղայեցու ստեղծագործությունները:
Նշելով, որ այս տարի հայկական մշակույթն Ամերիկայի Միացյալ Նահանգներում ցուցադրվում է շատ ընդգրկուն ձևով, նախագահ Սարգսյանն ասել է, որ ամիսներ առաջ մայրաքաղաք Վաշինգտոնում մասնակցել է Սմիթսոնյան ժողովրդական կյանքի փառատոնի (Folklife Festival) բացմանը, որի շրջանակում ևս ներկայացվել են հայկական մշակույթը, սովորույթներն ու ավանդույթները:
Հանրապետության նախագահը գոհունակությամբ է ընդգծել այն փաստը, որ «Մետրոպոլիտենի» յուրահատուկ ցուցահանդեսն իր եզակի ցուցանմուշներով մի քանի ամիս շարունակ Միացյալ Նահանգներից և աշխարհի տարբեր անկյուններից եկած թանգարանի բազմահազար այցելուներին հնարավորություն կտա ծանոթանալ առաջին քրիստոնյա ժողովուրդներից մեկի պատմական ժառանգությանը և յուրահատուկ մշակույթին:
Նախագահ Սարգսյանը կարևորել է նման ցուցադրությունները և վստահություն հայտնել, որ դրանք շարունակական կլինեն՝ աշխարհի տարբեր անկյուններում ներկայացնելով հայոց բազմադարյա պատմությունն ու հարուստ մշակութային ժառանգությունը։