Ամերիաբանկը 40 մլն եվրոյի վարկային պայմանագիր է կնքել Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերության (FMO) հետ
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և FMO-ն 40 մլն եվրոյի վարկային պայմանագիր են կնքել: 5 տարի ժամկետով տրամադրվող այս վարկային գործիքն ուղղվելու է Հայաստանում վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության ծրագրերի, ինչպես նաև երիտասարդ և կին ձեռներեցների գործունեության ֆինանսավորմանը: Այս մասին հայտնում են ընկերությունից։
«Սա ևս մեկ նշանավոր ձեռքբերում է մեր գործընկեր FMO-ի հետ երկարամյա հարաբերություններում: Վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորումը կշարունակի նպաստել մաքուր էներգիայի արտադրության ոլորտի կայուն զարգացմանը` միաժամանակ ապահովելով ձեռնարկությունների և բնակչության կողմից Հայաստանի էներգետիկ պաշարների արդյունավետ սպառումը», - նշել է Ամերիաբանկի Կորպորատիվ ֆինանսների բաժնի ղեկավար Արա Սարգսյանը:
Ընկերության փոխանցմամբ, Ամերիաբանկի և FMO-ի հետ հարաբերությունների սկիզբը դրվել է դեռևս 2009թ-ին, երբ FMO-ն առաջին անգամ Ամերիաբանկին տրամադրեց վարկ` Հայաստանում ՓՄՁ-ների և վերականգնվող էներգետիկայի ոլորտի նախագծերի ֆինանսավորման նպատակով:
«FMO-ն հպարտ է, որ կարողացել է ամուր և արդյունավետ հարաբերություններ կառուցել Ամերիաբանկի հետ և աջակցել Հայաստանի տնտեսության զարգացմանը: Այս վարկային գործիքը կնպաստի Ամերաբանկի հետագա աճին, վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացմանը, ինչպես նաև երիտասարդ և կին ձեռներեցների կողմից ղեկավարվող ընկերություններում նոր աշխատատեղերի ստեղծմանը», - նշել է FMO-ի ներդրումների գծով տնօրեն Լինդա Բրոյքհուզենը:
Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերությունը (FMO) երկրի միջազգային զարգացման բանկն է: Որպես առաջատար ներդրող՝ FMO-ն աջակցում է զարգացող երկրներում կայուն մասնավոր հատվածի աճին՝ ֆինանսավորելով հավակնոտ նախագծեր և բիզնեսներ: Համոզված լինելով, որ ուժեղ մասնավոր հատվածը նպաստում է սոցիալական և տնտեսական զարգացմանը՝ արդեն ավելի քան 45 տարի է, ինչ FMO-ն ֆինանսավորում է ձեռներեցներին՝ օգնելու նրանց իրագործել իրենց ներուժը և բարելավել կյանքի որակը: Մասնավորապես, FMO-ն շեշտում է երեք ոլորտ, որոնք մեծ կշիռ ունեն տնտեսության զարգացման տեսանկյունից՝ ֆինանսական հաստատություններ, էներգետիկա և գյուղատնտեսություն/սննդի արդյունաբերություն:
Ավելի քան 82 երկրներում 9.2 մլրդ եվրոյի ներդրումային պորտֆելով՝ FMO-ն այսօրվա դրությամբ զարգացման խոշորագույն երկկողմանի բանկերից մեկն է աշխարհում: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.fmo.nl.
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան