Հանրապետականի պլանը զրոն է. Գալուստ Սահակյան
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ երեկ խմբակցությունների ներկայացուցիչների և վարչապետի միջև համաձայնություններ չեն եղել:
«Ես չեմ եղել այդ քննարկումներին, բայց որևէ բան հնարավոր չէ բանակցել: Նախ` ԱԺ-ն որոշում է կայացրել իրենց բերած օրինագծով, որ մեկ տարի հետո պիտի լինեն ընտրությունները, իսկ դա լինում է մայիս ամիսը: Հիմա ասում են` արագացնենք, որովհետև մեր երկրի տնտեսությունը քայքայվում է այս ճանապարհով: Ես էլ ասում եմ, որ էս հինգ ամսում մի մարդ թող դրսից գար, տնտեսության համար ինչ-որ մի բան դներ»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ արտահերթ ընտրությունները քաղաքացիների պահանջ է, բայց ՀՀԿ-ն չի ուզում կատարել ժողովրդի պահանջը, Սահակյանն ասաց. «Ժողովրդի պահանջը շատ լավ եմ հասկանում: Ես չեմ կարծում, որ ինչ-որ մի մարդ պիտի ծնվի մեզնում և ժողովրդի պահանջով կարողանա իր կարողությունները ներկայացնի ժողովրդին: Ժողովրդի պահանջով ես այսօր պատգամավոր եմ»:
Հանրապետական գործչի խոսքով, ՀՀԿ-ականները վախենալու պատճառ չունեն:
«Իրական հանրապետականները այն մարդիկ են, որոնք երբեք վախ չունեն: Հայաստանը ինչքան ավելի մեծ զարգացում ունենա, բնականաբար, Հանրապետականը պիտի լինի այդ զարգացման կենտրոնում։ Անհնար բան է, որ առանց Հանրապետականի հնարավոր լինի որոշակի առաջընթաց մեր պետության համար»,- նշեց նա:
Իսկ թե ինչո՞ւ է անհնար, Գալուստ Սահակյանը նշեց. «Որովհետև միայն Նիկոլ Փաշինյանն է, ուրիշ մարդ չկա, մեկ հոգով չի կարելի ինչ-որ բան անել»:
Հարցին` Հանրապետականը պլան «Բ» ունի՞, եթե պլան «Ա»-ն ձախողվի, նա պատասխանեց. «Մեր պլանը զրոն է»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան