Մենք այսպես ո՞ւր ենք գնում ընտրությունների, այս ձևով ընտրված ԱԺ-ն ո՞ւմ է պետք. Ռուստամյան
Վարչապետի` ՀՅԴ նախարարներին պաշտոնից ազատելու հրամանը ստորագրվել է այն բանից հետո, երբ Դաշնակցությունն արդեն հետ էր կանչել իր նախարարներին։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Այս հարցի հետ կապված պետք չէ շոուներ անել: Մենք հետ ենք կանչել կառավարության մեր անդամներին դրանից հետո են եղել համապատասխան հրահանգները»,- նշեց նա:
Անդրադառնալով ԱԺ կանոնակարգ օրենքում աղմկահարույց փոփոխությանը՝ Ռուստամյանը նշեց, որ փոփոխությունը չի արվել արտահերթ ընտրությունները կանխելու նպատակով։
Ըստ նրա` դա թյուրըմբռնում է: «Այդ օրենքը, որ ընդունեցինք երեկ, փաստվեց, որ ճիշտ ենք արել: Եթե մեր յոթ պատգամավորից 4-ի աշխատանքը խոչընդոտվել է, խոչընդոտվել է հայհոյանքներով, անպատիվ խոսքերով, սրան նորմալ չեմ վերաբերում: Խոսում ենք սիրո և համերաշխության հեղափոխությունից, սիրուց ու համերաշխությունից բան չի մնացել։ Այդ օրենքը նրա համար էր, որ մենք ԱԺ-ն լուծարենք այնպես, ինչպես Սահմանադրությունն է պահանջում: Եթե այսպես չգնանք, կլինի ուժի իրավունքով լուծարում, սրանից մենք զերծ պահեցինք»,- նշեց նա։
Դաշնակցական պատգամավորը նշեց՝ կատեգորիկ մերժում է վարչապետի՝ հրապարակ նետած այն թեզը, թե դա պատերազմ հայտարարել էր ժողովրդին:
«Եթե սահամանդրական ճանապարհով խորհրդարանը լուծարելու գործընթացը պատերազմ հայտարարել է ժողովրդին, ուրեմն մենք չենք հասկանում ինչի մասին ենք խոսում: Եթե որևէ մեկի մտքով անցնում է որևէ բան ասի վարչապետի ասածից դուրս դառնում է հակահեղափոխական, սև ուժ: Մենք այսպես ո՞ւր ենք գնում ընտրությունների, այս ձևով ընտրված ԱԺ-ն ո՞ւմ է պետք»,- հարց ուղղեց Ռուստամյանը՝ հավելելով, որ այս դեպքում ինքը կարող է մեկ տարի հետո դնել Ազգային ժողովի լեգիտիմության հարցը։
«Այսօր մեզ ասում են, թե Ազգային ժողովը չի ներկայացնում ժողովուրդին: Մենք ասում ենք, որ ներկայացնում ենք մեզ ձայն տված 103 հազար քաղաքացիներին: Մենք ոչ մի ձայն փողով չենք գնել, թող բերեն մի դեպք, որ Դաշնակցությունը փողով թեկուզ մեկ ձայն է վերցրել, այդպիսի դեպք չկա: Ուրմեն ես լեգիտիմ իրավունք ունեմ խոսել 103 հազարի անունից»,- ընդգծեց նա:
Ռուստամյանն ընդգծեց, որ ժողովրդի տրամադրությունները մշտապես նույնը չեն մնում:
«Եթե այդպես է, թող կարգ մտցնեն և վեց ամիսը մեկ փաստենք` ով որքան ձայն ունի: Տեսնենք մեկ տարի հետո իրենք այդ 80 տոկոս ձայնները կարո՞ղ են փաստել: Երբ քաղաքական շահից ելնելով խնդիր է լուծվել երկրում, տեսել ենք, թե դա ոնց է փլվել: 90-ականներին տեսել ենք 90 տոկոսնաոց իշխանություն և տեսել ենք, թե ոնց են քանդվել»,- ամփոփեց խորհրդարանականը։
Հարակից հրապարակումներ`
- Զիջման տեղ չկա, և ընտրությունները լինելու են դեկտեմբերին. Էդմոն Մարուքյան
- Երեկ մենք որևէ պայմանավորվածություն ձեռք չենք բերել. Միքայել Մելքումյան
- Րոպեներ անց կմեկնարկի ԱԺ արտահերթ նիստը
- Քննիչ հանձնաժողով ներկայանալու պարտականությունը կպահպանվի նաև պաշտոնից ազատվելուց հետո. Հովհաննիսյան