Հայրենիքն ամեն գնով հարկավոր է հեռու պահել ներքին վայրիվերումներից ու վտանգավոր կացություններից. Արամ Առաջին
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին Կաթողիկոսն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին։ Արամ Առաջինի խոսքը ներկայացված է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի կայքում.
«Մտահոգությամբ հետևում ենք Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներին: Սփյուռքը դիտողի կրավորական ու անտարբեր վիճակում չի կարող մնալ: Սփյուքը Հայաստանի անանջատելի մասն է: Այն անելիք ու ասելիք ունի հայրենիքի դիմագրավող մարտահրավերների ու տագնապների նկատմամբ։
Հայրենիքի ընդհանրական, մնայուն ու գերագույն շահերը պետք է վեր դասել անհատական, կուսակցական, կողմնակի կամ ժամանակավոր շահերից: Հայրենիքն ամեն գնով, հարկ եղած դեպքում փոխադարձ զիջումներով, հարկավոր է հեռու պահել ներքին վայրիվերումներից ու վտանգավոր կացություններից: Փոխադարձ ապստամբություններով, արհամարհանքով ու անվստահությամբ տիրապետված ներկայիս քաղաքական մշակույթը պետք է տեղի տա փոխադարձ սիրո, հանդուրժողականության, հարգանքի մշակույթին, ինչպես նաև բաժանարար մոտեցումները՝ միարար մտածողության ու հավաքական որոշումների դիմաց:
451-ին, բաժան-բաժան դարձած մեր ժողովուրդը, միասնական ոգով ու «վասն հայրենյաց» սրբազան նշանաբանով Հայաստանը պաշտպանեց Հազկերտից: Այսօր, երբ շրջապատված ենք նոր օրերի Հազկերտներով, մենք կոչված ենք ամուր հավատքով ու հավաքական հանձնառությամբ առավել հզորացնելու մեր հայրենիքը:
Այսպես, նույն և մեկ ժողովրդի ու հայրենիքի սիրելի զավակներ, եկեք միասնաբար քայլենք սիրո ու օրենքի ճանապարհով՝ փոխադարձ հարգանքով ու հասկացողությամբ և մեր ժողովրդի միասնականությունն ու հայրենիքի անվտանգությունն ամեն բանից առաջ ու վեր դասելով:
Այս է պատգամը մեր ժողովրդի դարավոր պատմության»: