Նյութեր են նախապատրաստվում Միհրան Պողոսյանի և Արայիկ Գրիգորյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ. Օսիպյան
Վարչապետի ցանկացած հանձնարարական ոստիկանությունը կատարում է հստակ, ճիշտ և ժամանակին: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն՝ անդրադառնալով խորհրդարանում վարչապետի այն հայտարարությանը, որ ուժային կառույցները որոշ դեպքերում լավ չեն կատարել իր հրահանգը, որ որոշ օլիգարխների, նրանց թիկնապահներին պետք է «պառկեցնել ասֆալտին»:
Ոստիկանապետը նշեց, որ ուժային կառույցներից մեկը ոստիկանությունն է, և ինքը ընդունում է՝ ոստիկանությունը, հնարավոր է, թերացել է: «Ես արդեն տվել եմ համապատասխան հրահանգներ»,- ընդգծեց նա:
Վալերի Օսիպյանն անդրադառնալով հոկտեմբերի 2-ին Դեմիրճյան փողոցում ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Միհրան Պողոսյանի և Արայիկ Գրիգորյանի մասնակցությամբ միջադեպին, ասաց, որ դեպքի առթիվ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
«Քանի որ Ազգային ժողովի պատգամավորներն ունեն հատուկ կարգավիճակ, միջադեպին կտրվի իրավական գնահատական՝ ըստ ընթացակարգի»,- ասաց ոստիկանապետը:
Նա նաև հայտնեց, որ հոկտեմբերի 2-ի հանրահավաքի ժամանակ 5 հոգի է բերման ենթարկվել, որոնց թվում եղել են պատգամավորներ Միհրան Պողոսյանի և Արայիկ Գրիգորյանի թիկնապահներն ու վարորդը:
Ոստիկանապետն անդրադարձավ երեկ Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Արմեն Աշոտյանի հայտարարությանը, թե հոկտեմբերի 2-ի հանարահավաքին ավտոմեքենաներ են վնասվել։ Նշենք, որ այդ հայտարարությունից հետո վարչապետն ասաց, որ եթե խնդիրներ կան, իրավապահները կզբաղվեն:
Վալերի Օսիպյան էլ հայտնեց, որ հանրահավաքին մեքենաների վնասման փաստով ոստիկանությունը որևէ ահազանգ չի ստացել։ «Ոստիկանությունը որևէ ահազանգ չի ստացել, որևէ քաղաքացի ոստիկանություն չի դիմել, որևէ հարցով չի ներկայացել, որ իր մեքենան, կամ գույքը վնասվել է: Ես ինքս համացանցից՝ լրահոսից տեղեկացա, որ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանը հայտարարել է՝ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»։
Հարակից հրապարակումներ`
- Միհրան Պողոսյան. Ցանկացած չհիմնավորված խոսք, պիտակավորում և սպառնալիք չի հանդուրժվելու
- Կխնդրեմ զբաղվել նաև մեր գործընկերոջ՝ Ռուզաննա Առաքելյանի հանդեպ երեկ տեղի ունեցածով. Աշոտյան
- Փաշինյանը՝ Միհրան Պողոսյանի և ցուցարարների միջև տեղի ունեցածի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան