Ֆրանկոֆոնիան դիտում ենք որպես տո՞ն, թե՞ հիշատակ. քննարկում կառավարությունում
Գործադիրն այսօրվա նիստում հավանություն տվեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է կառավարությանը լիազորել ըստ անհրաժեշտության աշխատանքային օրերը տեղափոխել նաև չորս և ավելի պետությունների կամ կառավարությունների ղեկավարների միաժամանակյա այցի դեպքում:
Հիշեցնենք, որ նախագծի ընդունումը պայմանավորված է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի օրերը ոչ աշխաանքային հայտարարելու հետ:
Գագաթնաժողովի անցկացման օրերին Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությունով պայմանավորված՝ առաջարկվում է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերը՝ հոկտեմբերի 11-12-ը համարել ոչ աշխատանքային՝ փոխարինելով դրանք հաջորդող շաբաթ օրերով:
Օրինագծի հետ կապված հնչեցին մի շարք դիտարկումներ, առաջարկություններ և մտահոգություններ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ անհրաժեշտ է դրույթը առավել նպատակահարմար ձևակերպել և առաջարկեց «չորս և ավելի պետությունների կամ կառավարությունների ղեկավարների միաժամանակյա այցի դեպքում» նախադասությունը ձևակերպել հետևյալ կերպ՝ «պետության և հանրային կյանքի բացառիկ նշանակության իրադարձությունների կապակցությամբ»:
Փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ նկատեց, որ եթե բացառիկ գրեն, ապա դա շատ մեկնաբանությունների առիթ կտա և տեսականորեն ամեն երեքշաբթին կառավարությունը կարող է համարել բացառիկ:
Վարչապետն էլ արձագանքեց, թե ինչու՞ կանխավարկած կա՝ կառավարությունը նստած մտածում է, թե ոնց տեղափոխի աշխատանքային օրերը. «Եթե այդպիսի կառավարություն լինի, հասարակությունը կառավարությանը կուղարկի հանգստանալու»:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն էլ ասաց՝ իր մտահոգությունը կապված է նախագծի անվան հետ: «Ինձ մի բան է անհանգստացնում: Սա տոների և հիշատակների օրերի մասին է, մենք ֆրանկոֆոնիան կամ 4 և ավելի պետություննների ղեկավարների այցելությունը դիտում ենք որպես տո՞ն, թե՞ հիշատակ, սա է խնդիրը», - ասաց նա:
Նրա խոսքից հետո կառավարության անդամները սկսեցին ծիծաղել:
«Մենք դա համարում ենք հիշարժան իրադարձություն, ուրեմն վերնագրում էլ պետք է փոփոխություն կատարենք: Ճիշտ դիտարկում է: Экзамен для нас всегда праздник», - արձագանքեց վարչապետը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան