Մտավախություն ունեմ, որ թվայնացումից առաջ Թուրքիայի ԱԳՆ-ի արխիվային նյութերը ենթարկվել են զտման. թուրքագետ
Թուրքական մամուլը հայտարարել է ԱԳՆ «Դիվանագիտական արխիվի» թվայնացման ավարտի և հետազոտողների մուտքն արտոնելու մասին։
Պարզելու՝ որքան օգտակար կարող է լինել սա հատկապես հայ հետազոտողների համար և մեծ չէ՞ հավանականությունը, որ թվայնացումից առաջ կարևոր բազմաթիվ փաստաթղթեր ոչնչացվել, են, Panorama.am-ի թղթակիցը զրուցեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ։
Վերջինս նախ նշեց, որ թուրքական արխիվների բազմաթիվ նյութեր մինչ օրս շարունակում են փակ մնալ ինչպես արտասահմանցի, այնպես էլ թուրք հետազոտողների համար։
«Ինչ խոսք, Թուրքիայի արտգործնախարարության «Դիվանագիտական արխիվն» ինքնին մեծ հետաքրքրություն է ներկայացնում, մանավանդ, եթե այնտեղ կարողանանք գտնել Թուրքիայի պատմության որոշակի շրջաների վերաբերյալ չթաքցված փաստաթղթեր։ Ինչ վերաբերում է հայերին առնչվող փաստաթղթերին, ապա ուշադիր հետազոտողը, կարծում եմ, հետաքրքրություն ներկայացնող փաստաթղթեր կգտնի։ Միաժամանակ, մտավախություն ունեմ, որ թվայնացումից և հրապարակային դարձնելուց առաջ արխիվային նյութերը ենթարկվել են զտման։ Թուրքիայի համար շատ մեծ կարևորություն ներկայացնող փաստաթղթերը պետք է որ լիկվիդացված լինեն»,- կարծիք հայտնեց Ռուբեն Մելքոնյանը։
Թուրքագետի խոսքով, որպեսզի իր այս միտքը մերկապարանոց չհնչի, պետք է հիշել թուրքական մի շարք այլ կառույցների, ինչպես օրինակ, կադաստրի արխիվային տվյալների չհրապարակման մասին։
«Երբ Թուրքիայի կադաստրի արխիվները թվայնացվեցին, 1914 թվկանից առաջ հայերին պատկանող գույքի վկայականները չթվայնացվեցին։ Այդ երկրի անվտանգության խորհուրդն ու սահմանադրական դատարանը որոշեցին, որ նշված փաստաթղթերը վտանգ են ներկայացնում թուրքական պետության համար և այդ հանգամանքից ելնելով՝ չեն կարող թվայնացվել։ Դրանք համարվում են գաղտնի փաստաթղթեր»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը։
Հարցին՝ համարո՞ւմ է, որ թուրքական թվայնացված արխիվների ուսումասիրության համար Հայաստանը շահագրգիռ անձանց և խմբերին պետք է պետական աջակցություն ցուցաբերի, թուրքագետը պատասխանեց՝ հարցն ավելի շատ գիտական տիրույթում է, և համապատասխան խմբերը գործուղման համար անհրաժեշտ գումարներ ստանալու նպատակով կարող են դիմել, օրինակ, Գիտության պետական կոմիտեին։
Թեմայի շուրջ զրուցեցինք նաև ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի հետ, ով նշեց, որ չի կարծում՝ Թուրքիայի ԱԳՆ-ի արխիվներ հետազոտողների մուտքն արտոնելու նորությունը մեկնաբանելու կարիք և առիթ կա։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան