Հայաստանում քրեականացվում է ահաբեկչության կոչ անելն ու քարոզելը
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին:
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի խոսքով՝ նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ժամանակակից տեխնիկական առաջընթացի պայմաններում հրապարակայնորեն, այդ թվում՝ զանգվածային հաղորդակցության միջոցների գործադրմամբ ահաբեկչական գործողությունների կատարման կոչերը իրենցից բարձր հանրային վտանգավորություն են ներկայացնում: Ըստ նրա՝ քրեական օրենսգրքում քրեական պատասխանատվություն նախատեսված է միայն որոշ հանցագործություններ կատարելու հրապարակային կոչերի համար:
Նախագծերում կատարված փոփոխություններով առաջարկվում է Քրեական օրենսգրքի 23-րդ գլխում կատարել լրացում՝ առանձին հոդվածով քրեական պատասխանատվություն նախատեսելով որպես հանցագործության առավել վտանգավոր տեսակ՝ նախատեսել առավել խիստ պատասխանատվության միջոցներ ՀՀ քրեական օրենսգրքի 217-րդ, 2171-րդ կամ 389-րդ հոդվածներով նախատեսված հանցանքներ կատարելու հրապարակային կոչերի, նշված հանցանքների կատարումը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար, եթե առաջացրել է այդ հանցանքերը կատարելու իրական վտանգ:
Այսպիսով, նախագծի ընդունմամբ կքրեականացվեն ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և միջազգային ահաբեկչության հանցագործություն կատարելու հրապարակային կոչերը՝ ուղղված ահաբեկչության դեմ պայքարում պետության քրեական քաղաքականության խստացմանը, այդ հանցագործությունների կանխմանը և պետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը:
Ըստ նախագծի, կկիրառվեն տուգանքներ՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան