Նաիրա Զոհրաբյան. Կարծում եմ՝ իմ խոստումը կատարեցի
Այսօր կառավարության նիստում փակ ռեժիմով կքննարկվի համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը։ «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հույս է հայտնել, որ Ազգային Ժողովի առաջիկա քառօրյայում համաներման նախագիծը կբերվի խորհրդարան և կվավերացվի։
Պատգամավորը հիշեցնում է՝ համաներում Հայաստանում վերջին անգամ հայտարավել էր 2013 թվականին և վաղուց արդեն ժամանակն էր կրկին հայտարարելու։
«Հայաստանի քրեակատարողական հիմնարկները գերծանրաբեռնված են և քանիցս ես և իմ գործընկերները խնդիր ենք բարձրացրել վերանայել բազմաթիվ կալանավորների պատժաչափերը, քանիցս հարց ենք բարձարցել, որ պետք է վերանայվեն նաև Քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածներ և որոշ հանցատեսակների դեպքում ազատազրկումը պետք է փոխարինվի տուգանքով։
Անկեղծ ասած` ես չեմ հավատում որևէ քրեակատարողական հիմնարկի դաստիարակչական ներուժին և չեմ հավատում, որ տարիների ազատազրկումը հետագայում կարող է խնդիրներ չստեղծել մարդու ինտեգրմանը հասարակությանը։
Եւ, ի վերջո, մշտապես այցելելով քրեակատարողական հիմնարկներ, ես վստահաբար կարող եմ պնդել, որ բազմաթիվ դեպքերում այդ մարդիկ լինելով ազատության մեջ, հաստատապես որևէ հանրային վտանգ չեն ներկայացնելու։
Որովհետև ազատությունն այն ամենամեծ շանսն է, որ տրվելով ազատազրկվածին` կարող է նրան վերաինտեգրել հասարակությանը։ Ես կարծում եմ, որ որպես ԱԺ պատգամավոր, որ մշտապես բարձրացրել է համաներման խնդիրը, ես իմ խոստումը կատարեցի»,-գրել է պատագամավորը ֆեյսբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
- Համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը կքննարկվի դռնփակ ռեժիմով. վարչապետ
- Շանթ Հարությունյանը Փաշինյանին կոչ է անում համաներում անել
- «Հրապարակ». Կհայտարարվի՞ համաներում, թե՞ ոչ
- Նաիրա Զոհրաբյան. Դիմել եմ վարչապետին` համաներում իրականացնելու առաջարկով
- Սեպտեմբերի 21-ին համաներում չի հայտարարվի. «Հրապարակ»