2019 թվականի բյուջեով կանխատեսվում է 4,9 տոկոս տնտեսական աճ. Ատոմ Ջանջուղազյան
2019 թվականի բյուջեի նախագծով նախատեսվում է ապահովել 4.9 տոկոս տնտեսական աճ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Ըստ նրա՝ մամուլում եղել են հրապարակումներ, որի համաձայն, կառավարությունը նախկինում կանխատեսել էր 5,3 տոկոս աճ, իսկ հիմա` 4,9, ինչը նշանակում է՝ վիճակը վատացել է:
«Այդպիսի գնահատականներ տալուց առաջ պետք է մի փոքր խորանանք երևույթների մեջ: 5,3 տոկոսը տրվել էր այն ժամանակ, երբ կանխատեսվում էր՝ 2018 թ-ին կունենանք 4,5 տոկոս աճ: Հիմա փոխվել է կանխատեսումը 2018-ի համար` հաշվի առնելով թե ներքին, թե արտաքին տնտեսական գործոնները, և կանխատեսվում էր, որ այս տարի կունենայինք 6,5 տոկոս աճ: Այսինքն՝ նախկինում կանխատեսված 5,3 տոկոս տնտեսական աճն ավելի փոքր է, քան հիմա կանխատեսվող 4,9 տոկոսը: Փոխվել է բազան, որի վրա հաշվարկվում է 4,9 տոկոս աճը»,- ընդգծեց Ատոմ Ջանջուղազյանը:
Նրա խոսքով՝ բյուջեի եկամուտները բյուջեի նախագծով նախատեսված են 1 տրիլիոն 399 մլրդ դրամ, ծախսերը՝ 1 տրիլիոն 642 մլրդ դրամ:
Ֆինանսների նախարարը հայտնեց, որ հաջորդ տարի կառավարությունն իրականացնելու է արտաքին պարտքը կայունացնելուն միտված քաղաքականություն: «Հաջորդ տարվա բյուջեում հարկաբյուջետային նոր կանոններ են կիրառվելու: Դրա արդյունքում կայունացվելու է պետական պարտքը: Գնում ենք այն ճանապարհով, որ պարտք վերցնում ենք նոր արդյունք ստեղծելու համար, այլ ոչ թե պարտք ենք վերցնում մեր ընթացիկ կարիքները հոգալու համար կամ հասարակության մի մասի բարեհաճությունը շահենք, այլ՝ ստեղծենք նոր արդյունք, որն ի վիճակի կլինի գեներացնել նոր հնարավորություններ»,- ընդգծեց ֆինանսների նախարարը:
Հաջորդ նորամուծությունը, ըստ Ատոմ Ջանջուղազյանի, ծրագրային ձևաչափով բյուջետավորում իրականացնելն է. «Այսուհետ ուշադրության կենտրոնում պետք է լինեն արդյունքները, այլ ոչ թե գործընթացը և գործողությունները: Այսինքն՝ ոչ թե կարևորվելու է դրամական միավորը, որը ծախսվել է, այլ` ինչ արդյունք է ձեռք բերվել այդ ֆինանսական միջոցների ծախսման արդյունքում: Դա հնարավորություն կտա չափելի դարձնել արդյունքները»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին