Կենդանաբանական այգում սա արջերի հետ կապված առաջին միջադեպը չէ
Երևանի կենդանաբանական այգում գորշ արջերի կողմից մյուսին խժռելը շատերը պայմանավորեցին կենդանիների սոված լինելով։ Պարզվում է, օրեր առաջ էլ է նման դեպք գրանցվել։ Նախորդ հարձակումից տուժած արջը դեռ կարանտինային բաժնում է։ Միջադեպը տեղի է ունեցել ցերեկը, ինչ արդյունքում աշխատակիցները կարողացել են ժամանակին միջամտել, կենդանին մահացու վնասվածքներ չի ստացել։ Այգուց փոխանցեցին՝ տուժածը հիմա իրեն լավ է զգում։
Panorama.am-ը կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույծ Աննա Ասատուրյանից փորձեց պարզել, ի՞նչ են ուտում արջերը, ի վերջո ինչի՞ հետևանք է միջադեպը։ Հենց Ասատուրյանն է կազմում կենդանիների ճաշացանկը։ Նա բացառում է, որ արջին հոշոտելը կենդանիների քաղցած լինելու հետևանք է։ Հիշեցնում է, ընդհակառակ այս սեզոնին ավելի լավ են կերակրում, որպեսզի նրանք ձմռան շեմին ճարպ հավաքեն։
«Կերաբաժինը գրում եմ ես, կերակրմանին հետևում եմ ես, դա սոված լինելու խնդիր չի եղել»,-ասաց այգու կենդանաբույծը՝ հիշեցնելով, եթե կենդանին սոված է, ապա վտանգավոր է նաև կերակրողի, խնամողի համար։
Նրա խոսքով, պայքարը եղել է տարածքի, գոյության համար, իսկ նման վարքագիծ լինում է բոլոր տեսակի կենդանիների, այդ թվում գիշատիչ թռչունների մոտ։
«Ես տասը տարի է աշխատում եմ այգում։ Իմ պրակտիկայում նման դեպքեր էլի են եղել, բայց ոչ անկման ելքով։ Դեպքը եղել է առավոտ շուտ»,-ասաց նա։
Մասնագետի խոսքով, միջադեպի ականատեսները փորձել են կանխել, քար են նետել, հետո պայթուցիկ սարքերն են գործի դրել, ձայնից հետո մեծ արջերը փախել են, կերակրելու միջոցով տարվել իրենց վանդակները։ Դրանից հետո միայն անկած արջին կարողացել են դուրս բերել։ Սատկած կենդանու մասին տվյալների այս պահին չեն տիրապետում, քանի որ ենթամաշկի տակ տեղադրված չիպը չեն գտնում։
«Համենայն դեպս, այնքան էլ ծեր կենդանի չի եղել, որովհետև տարիքը հաշվվում է նաև ատամների մաշվածությամբ»,-մանրամասնեց մասնագետը։
Ամեն օր մեկ արջին տրվում է 0.5-ական կգ գարեձավար, եգիպտացորեն, թեփ, որոնք խառնվում են մսի հետ ու պատրաստում շիլա, 5-ական կգ խնձոր, գազար, 0.5 կգ թարմ եգիպտացորեն, 5-ական կգ ձմերուկ, դդում, դդմիկ, մեկական կգ սալոր, դեղձ, շաբաթը մեկ անգամ 3 հատ թարմ ձու։
«Հիմա քանի որ բտման սեզոն է, ու կենդանիները պետք է քաշ հավաքեն, 2-ական կիլոգրամներով տրվում է գետնանուշ, ընկույզ, կաղին։ Սա արվում է ամեն օր։ Նորից եմ ասում, բացառվում է, որ կենդանիները սոված լինեն։ Եթե սոված լինի, նման տեսք չեն ունենա»,-ասաց այգու աշխատակիցը։
Այգում հիմա 15 արջ կա, երկուսը՝ կարանտինային բաժնում, բացի ընկերների հարձակումից տուժածից այստեղ է պահվում նաև մեկը, ով չի կարողացել նոր շրջապատում ինտեգրվել։
«Նախկինում տարածքն ավելի փոքր էր, յոթ արջ էինք պահում»,-հիշեցրեց նա։
Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ՝ կենդանաբանակում երկու գորշ արջ սպանել են էգին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում