Փորձել են ներխուժել Ֆեթուլլահ Գյուլենի տուն
Անհայտ տղամարդը փորձել է մտնել ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Սեիլորսբուրգ տեղանքում գտնվող այն տունը, որտեղ ապրում է թուրք քարոզիչ և «Հիզմեթ հարեքեթի» կրոնական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը։
Եվրանյուզի հաղորդմամբ, Գյուլենի կողմից ԱՄՆ-ում ստեղծված «Դաշինք համընդհանուր ընդունված արժեքների համար» կազմակերպությունը հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել նախօրեին։
Թիկնապահը նախազգուշական կրակոց է արձակել, որից հետո տղամարդը թաքնվել է։ Որևէ մեկը չի տուժել։ Ոստիկանությունը փնտրում է տղամարդուն, ով, հնարավոր է, եղել է զինված։
«Դաշինք համընդհանուր ընդունված արժեքների համար» կազմակերպությունը տեղի ունեցածում չի մեղադրել Անկարային, բայց հիշեցրել է, որ դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, որ Անկարան «արտասահմանում օպերացիա է իրականացնելու» Ֆեթուլլահ Գյուլենի դեմ և նրանց, ովքեր նրան աջակցում են։
Թուրքիայի նախագահ Էրդողանը բազմիցս մեղադրել է Գյուլենին 2016 թվականի հուլիսին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ անելու մեջ, որի ընթացքում 240 մարդ էր զոհվել։ Դրանից հետո Անկարան պահանջում է ԱՄՆ-ին նախկին քարոզչին հանձնել իրեն։