Ամենահարուստ ամերիկացիները
24 տարվա մեջ առաջին անգամ Forbes-ի կողմից կազմված ԱՄՆ ամենահարուստ մարդկանց վարկանշային ցուցակի առաջատարը փոխվել է։ Երկրի գլխավոր մուլտիմիլիարդատերը Amazon-ի ղեկավար և համասեփականատար Ջեֆ Բեզոսն է։ Նա առաջ է անցել Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսից։
Լենտա.ռու-ի հաղորդմամբ, Բեզոսը մեկ տարում վաստակել է 78,5 միլիարդ դոլար։ Նրա ամբողջ կարողությունը գնահատվում է 160 միլիարդ դոլար, որը նույնպես ռեկորդային է վարկանշային ցուցակի ողջ պատմության ընթացքում։ Նախկինում ցուցակում ընդգրկված մարդկանց կարողությունը չի գերազանցել 100 միլիարդ դոլարը։
Գեյթսը երկրորդ տեղում է 97 միլիարդ դոլար կարողությամբ։ 1994 թվականից սկսած սա առաջին դեպքն է, որ վարկանշային ցուցակում նրանից առավել հարուստ մարդ է հայտնվել։
ԱՄՆ ամենահարուստ 10 մարդկանց կարողությունը գնահատվում է 730 միլիարդ դոլար, ինչը 120 միլիարդով ավելի է 2017 թվականի համեմատ։
Բոլորից ամենաարագը հարստացել է Twitter և Square վճարային համակարգի գլխավոր տնօրեն Ջեք Դորսին։ Forbes-ի վարկածով, գլխավոր անհաջողակը Ջորջ Սորոսն է, ում կապիտալը մեկ տարում նվազել է գրեթե երեք անգամ՝ 23 միլիարդ դոլարից հասնելով 8,3 միլիարդի։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարողությունը մեկ տարում փոխվել է և գնահատվում է 3,1 միլիարդ դոլար։ Նա ցուցակում միանգամից 11 կետով նահանջել է և ամենահարուստ ամերիկացների ցուցակում 259-րդն է։