Ներդրողին առաջին հերթին հետաքրքրել է քաղաքական փոփոխությունը. վարչապետի խորհրդական
«Ներդրողները ոչ մի բանի չեն սպասում»,- այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք գործարարները սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որպեսզի ներդրումներ անեն:
Նրա խոսքով՝ օգոստոս-սեպտեմբերին իր գրասենյակ շատ ներդրողներ են եկել աշխարհի բոլոր երկրներից: «Պետք է ասեմ, որ քաղաքական փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում, շատ դրական են ընկալվում գործարարների կողմից՝ անկախ նրանից, թե այդ գործարարները Ասիայից են, Եվրոպայից են, թե ԱՄՆ-ից»,- ասաց նա:
Դիտարկմանը՝ քաղաքական ուժերն ասում են, որ արտահերթ ընտրությունները պետք է կայանան հաջորդ տարի, վարչապետն էլ նշում է՝ քաղաքական ճգնաժամ է երկրում, ներդրողների համար անորոշություններ կան, և հարց է առաջանում՝ եթե հաջորդ տարի արտահերթ ընտրություններ անցկացվեն, ինչ ազդեցություն կունենան տնտեսության վրա, Արսեն Գասպարյանն ասաց, որ առաջին հերթին արտահերթ ընտրությունները ժողովրդի պահանջն են՝ միաժամանակ նշելով, որ այս իրավիճակը բացարձակ որևէ ազդեցություն չի ունենա տնտեսության վրա, քանի որ Հայաստանում վիճակը կայուն է:
Ըստ խորհրդականի՝ Երևանի քաղաքապետի ընտրությունը մեծ նվաճում էր, որովհետև դա արձանագրեց քաղաքական իրական պատկերը. «Քաղաքապետի ընտրությունները քաղաքական ռեալության արդյունք են: Այդ քաղաքական ռեալության արձանագրումը նաև կլինի խորհրդարանական ընտրություններից հետո: Արտահերթ ընտրությունները բացարձակ կապ չունեն ներդրողների կամ գործարարների հետ»:
Դիտարկմանը, թե վարչապետն է ասում, որ կա քաղաքական ճգնաժամ, Արսեն Գասպարյանը պատասխանեց. «Այո, հնարավոր է: Բոլոր ներդրողները, գործարարները, որոնք եկել են մեր գրասենյակ, կառավարություն և հետաքրքրված են բազմաթիվ ծրագրերով, առաջին հերթին նշում են Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունը: Այսինքն՝ ներդրողին և օտարերկրյա գործարարին առաջին հերթին հետաքրքրել է քաղաքական փոփոխությունը, որը տեղի է ունեցել»: